Արմինֆո. ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատը ապրիլի 24-ին միաձայն քվեարկել է ապրիլի 24-ը"Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու օգտին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից, ընդունված բանաձևում նաև ճանաչվում են Արցախի Հանրապետությունը և Նախիջևանում վերջերս տեղի ունեցած մշակութային ցեղասպանությունը:
ՙՄենք երախտապարտ ենք, որ Կոլորադոն մշտապես հիշում է Հայոց ցեղասպանության մասին, մենք նաև հպարտանում ենք խիզախ բանաձևով, որում ճանաչվում են ցեղասպանության շարունակվող հետևանքները, որոնց բախվում է հայերի հայրենիքը: Բանաձևը հատուկ ուշադրության է արժանի Արցախի Հանրապետության ճանաչման կապակցությամբ՚, - նշել է արևմտյան տարածաշրջանի (ANCA WR) նախագահ Նորա Հովսեփյանը։
Դեմոկրատ սենատոր Դոմինիկ Մորենոյի և հանրապետական սենատոր Ջեք Թեյթի ներկայացրած Սենատի 19-012 բանաձևը պատմում է Հայոց ցեղասպանության պատմական ծագման մասին, հիշատակվում են Կոլորադոյի ջանքերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ և վկայակոչվում Հայոց ցեղասպանության շարունակվող հետևանքները:
Մասնավորապես, բանաձևում ասվում է, որ Հայոց ցեղասպանության և դրա անպատժելիության շարունակվող հետևանքներին է առնչվում Հայաստանի և Արցախի Հանրապետության թուրք-ադրբեջանական շրջափակումը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ Արցախը ճանաչած ԱՄՆ նահանգների թիվը հասել է 9-ի։
Բանաձևը նաև հիշեցնում է Նախիջևանում մշակութային ցեղասպանության մասին՝ որպես Հայոց ցեղասպանության անպատժելիիիության արդյունք: ՙԹուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության անպատիժ ժխտումը եւ առանց պատասխանատվության ենթարկվելու Հայաստանի սրբավայրերի շարունակվող պղծումը հանգեցրին ողջ քրիստոնեական հայկական ժառանգության աննախադեպ մշակութային ցեղասպանության ադրբեջանական Նախիջեւան էքսկլավում, որտեղ 1997-2006 թվականներին Ադրբեջանի կառավարությունը ոչնչացրեց տարածաշրջանի հնագույն հայկական ժառանգության բոլոր հետքերը՝ մոտ 90 եկեղեցի եւ 6000 խաչքար, այդ թվում՝ Ջուղայի Հայտնի խաչքարերը, որոնցից մեկը վերարպատրաստվել է 2015 թվականին՝ Կոլորադոյի Կապիտոլիումի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի այգու համար՚, - ասվում է բանաձևում։