Արմինֆո. Ապրիլի 24-ին աշխարհի հայերը հարգանքի տուրք են մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Վաղ առավոտից հազարավոր մարդիկ ոտքով բարձրանում են Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 104 տարի առաջ մարդկության դեմ իրագործված ոճրագործության զոհերի հիշատակին։ Բացի Հայաստանի բնակիչներից և սփյուռքահայերից, ինչպես նաև երկրի իշխանություններից, հուշահամալիր են բարձրանում նաև երկրում աշխատող օտարերկրյա դիվանագետները։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է աշխարհի 31 երկիր, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը, ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ՝ Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Եվրոպական երեք երկրներ՝ Կիպրոսը, Սլովակիան, Շվեյցարիան քրեականացրել են Ցեղասպանության ժխտումը։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայ քրիստոնյաների նկատմամբ արյունալի հաշվեհարդարը որակել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Մինչդեռ Թուրքիան նախկինի պես կտրականապես հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Հավելենք, որ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության ծրագրած քաղաքականության արդյունքում 20-րդ դարասկզբին իրագործված Հայոց ցեղասպանության և հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանման զոհ է դարձել 1,5 մլն հայ, հարյուր հազարավորները բռնի տեղահանվել և ապաստան են գտել օտար երկրներում։