Արմինֆո. Պաշտոնական Երևանն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովի հայտարարությանն այն մասին, թե ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք համաձայնագրում ներառված է ԱՀ տարածքային ամբողջականության հարցը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, գերատեսչության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն այդ առնչությամբ հայտարարել է. ՙՆախ նշեմ, որ գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն՝ հասանելի լինելով միայն գործընթացին անմիջական ներգրավվածություն ունեցող կողմերին: Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշմանը, ապա այն հստակ արտահայտված է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որտեղ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շարքում առկա է նաև ինքնորոշման իրավունքը։
Ավելին, այդ դիրքորոշումը նաև բազմիցս վերահաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, որտեղ աջակցություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Հայաստանը բազմիցս ամենատարբեր մակարդակներով և հարթակներում շեշտել և ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է համարում այս հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը, որը կարող է հակասել ԼՂ հիմնահարցի կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին և խաթարել խաղաղության գործընթացը՚: