Արմինֆո. Էրեբունի ավիաբազայի վերազինման որոշակի նախագծեր կան, սակայն դրա ամբողջական վերազինման մասին տվյալներ չունեմ ։ Այս մասին <Էրեբունի> օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի վերազինման մասին <Արմինֆո> - ի թղթակցի հարցին ի պատասխան՝ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ։
Նա նշել է, որ այս պահին պատրաստ չէ մանրամասն մեկնաբանել այդ թեման ։ <Անշուշտ, կան որոշակի ծրագրեր, նախագծեր: Ինչ վերաբերում է լիակատար վերազինմանը և նոր տեխնիկայով համալրմանը, ինձ նման ծրագրերի մասին հայտնի չէ>, - նշել է դեսպանը:
Նշենք, որ ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով ռուսական ռազմական գերատեսչությունում իր աղբյուրը, հայտնել էր, որ այժմ <Էրեբունի> ավիաբազայի սպառազինության մեջ եղած ՄիԳ-29 օդանավերը կփոխարինվեն բազմաթիրախային կործանիչներով՝ Սու-30 ՍՄ-երով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ավիաբազայի վերազինումը Սու-30 ՍՄ-երով նախատեսվում է սկսել արդեն հաջորդ տարի: