Արմինֆո.Հայաստանում նույնականացման քարտերի ներդրման ժամկետը կերկարաձգվի 2 տարով։ Ապրիլի 23-ին ԱԺ լիակազմ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ համապաատսխան փոփոխություններ են կատրավել ՙՆույնականացման քարտերի մասին՚ եւ ՙՔաղաքացու անձնագրի մասին՚ օրենքներում:
Ներկայացնելով փոփոխությունների փաթեթը՝ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը նշել է, որ ID քարտերի և կենսաչափական անձնագրերի ներդրման գործընթացը մեկնարկել էր 2008 թվականից։ Դրանց ներդրման ժամկետը լրանում է 2019 թվականին, սակայն երկրի շուրջ 300 հազար քաղաքացիներ դեռ դրանք չեն ստացել, ինչի առնչությամբ առաջարկվում է ժամկետը երկարացնել 2 տարով՝ մինչև 2021 թվականը։ Փոխոստիկանապետը տեղեկացրել է նաև, որ 2017 թվականի հունվարի 1-ից լրացել է լեհական PWPW ընկերության հետ պայմանագրի ժամկետը, որը տպագրել է կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր: Դրանց ներդրման ժամկետների երկարաձգմամբ հնարավոր կլինի բանակցություններ վարել անձը հաստատող փաստաթղթեր արտադրողների հետ։ Առաջիկա մրցույթում հաղթողի հետ կկնքվի նոր պայմանագիր։
Ավելի վաղ ՀՀ կառավարության նիստում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշել էր, որ փաթեթի ընդունմամբ կլուծվի նաև սոցիալական հարց, քանի որ ID քարտի բացակայության դեպքում քաղաքացին 3 հազար դրամի փոխարեն պետք է վճարի 25 հազար դրամ: Ոստիկանության պետը հավելել էր, որ մեկ կենսաչափական անձնագրի արտադրության արժեքը կազմում է 10 եվրո, այսինքն, 300 հազար քաղաքացիների համար անհրաժեշտ է գտնել շուրջ 3 մլն եվրո:
Նշենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները ստանում են նոր նմուշի անձնագիր, քանի որ ուժի մեջ են մտել նույնականացման քարտերը և կենսաչափական անձնագրերը: Ընդ որում, հին նմուշի անձնագրերն ուժի մեջ են մնում մինչեւ դրանց գործողության ժամկետի ավարտը։ Նույնականացման քարտի համար վճարը կազմում է 3 հազար դրամ, կենսաչափական անձնագրի համար՝ 25 հազար դրամ: ID քարտերն ու կենսաչափական անձնագրերը տրամադրվում են 10 տարի ժամկետով: Նույնականացման քարտը նախատեսված է ներքին օգտագործման համար, իսկ անձնագիրը՝ պետության սահմաններից դուրս գալու համար: