Արմինֆո. Հայաստանում կան օրինականության վերահսկման ֆունկցիաներ ունեցող շատ մարմիններ, դրանց թվին կարելի է դասել Պետական վերահսկողական ծառայությունը, ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն, ՊԵԿ-ը, Ոստիկանությունը, դատախազությունը և այլն: Այս բոլորից միայն մեկ մարմինը, որի ղեկավարը հեղափոխական է՝ ՊՎԾ-ն է։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարել է <Իրազեկ քաղաքացիների միավորում> հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը:
<ԱԱԾ-ի ղեկավար Արթուր Վանեցյանը, ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը, Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը, Դատախազության, Քննչական կոմիտեի ղեկավարները, նրանք բոլորը տարիներ շարունակ եղել են մի համակարգում, որը կոռումպացված և կոռուպցիա սպասարկող համակարգ է եղել։ Ամենայն հարգանքով այդ անձանց նկատմամբ, եկեք արձանագրենք, որ այդ մարդիկ եղել են ինչ-որ առումով կոռուպցիոն համակարգի մաս>,- նշել է նա:
Նրա խոսքով՝ օրինականության վերահսկման ֆունկցիաներ ունեցող միակ մարմինը ղեկավարվել է անձի կողմից, որը տարիներ շարունակ պայքարել է կոռուպցիայի դեմ փողոցում և կյանքի մի մասը նվիրել է փտած կոռումպացված համակարգի դեմ պայքարին, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն է>,- նշել է նա:
Ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: