Արմինֆո. Հայաստանի կառավարության ղեկավարը մտադիր չէ աշխատանքից ազատել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին: Այս մասին Արմինֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ։
<Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում եւ մտադիր չէ պաշտոնից ազատել Դավիթ Սանասարյանին, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը>, - հայտարարել է Կարապետյանը:
Ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: