Արմինֆո. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի հետ կատարվածը տհաճ միջադեպ է։ Այդ մասին ապրիլի 19 - ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
ՙԱյն, ինչ կատարվում է հիմա, կապված է Փաշինյանի ֆիասկոյի հետ։ Երեկ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ սա շինծու մեղադրանք է, և եթե դա այդպես է, ապա Փաշինյանի կառավարությունը արդար մոտեցում չի ցուցաբերում իր ենթակաների նկատմամբ։ Եթե պաշտոնյաներից մեկը մեղադրում է իշխանություններին գործը կեղծելու մեջ, ապա երաշխիք չկա, որ այլ գործեր էլ չեն սարքվել, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործերը՚, - ասել է Շարմազանովը։
Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, անդրադառնալով Սանասարյանի գործին, հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում նոր իշխանության ներկայացուցիչներն այլեւս մարդկանց չեն բաժանի ՙյուրայինների եւ օտարների՚, ինչպես դա եղել է նախկինում: ՙՄենք հետևողականորեն պայքարելու ենք կոռուպցիայի դեմ ։ Ես վստահում եմ ԱԱԾ-ի գործողություններին, եւ կարծում եմ, որ Դավիթ Սանասարյանը կարող էր գործել իր նպատակներից ելնելով՚, - նշել է Նազարյանը:
ՊՎԾ ղեկավարին մեղադրանք առաջադրելու կապակցությամբ այսօր հայտարարությամբ է հանդես եկել ՙՍասնա Ծռեր՚ համահայկական կուսակցության քարտուղարությունը, որի համոզմամբ, Դավիթ Սանասարյանի հետապնդումը ռևանշի նոր փուլի սկիզբն է:
ՙՀՀ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը Հայաստանը կախյալության մեջ պահող կրեմլակենտրոն նորգաղութային համակարգի ռևանշի որակապես նոր փուլի սկիզբն է: Եվ Դավիթ Սանասարյանին իրականում հետապնդում են համակարգին չենթարկվելու ու նրան դիմադրելու համար։ Ցավով ստիպված ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մինչ օրս հետևողականորեն անտեսում են համակարգային փոփոխություններ կատարելու վերաբերյալ մեր և այլ ուժերի ու գործիչների բոլոր զգուշացումներն ու հորդորները: Դրա հետևանքով Հայոց պետականության քաղցկեղի վերածված համակարգը ոչ միայն հեշտությամբ հաղթահարեց հեղափոխության ալիքը, այլև շահեց նոր կառավարության անվերապահ վստահությունը և այսօր արդեն հաստատուն քայլերով փորձում է դառնալ դրության տերն ու ամբողջությամբ վերահաստատել իր դիրքերը:
Եթե դա տեղի ունենա, Նիկոլ Փաշինյանը և նրա ազնիվ թիմակիցներն առնվազն կհեռացվեն ասպարեզից, իսկ երկիրը նորից կհայտնվի բռնության, անարդարության ու կոռուպցիայի ճահճում: Մինչ այդ՝ կարող է խաբուսիկ կայունության փուլ լինել,սակայն դրա միակ նպատակը լինելու է անցյալը վերադարձնելու նախապատրաստումը: Քանի դեռ ուշ չէ, անհրաժեշտ է արմատական ու կտրուկ քայլեր կատարել համակարգային փոփոխություններն ապահովելու ուղղությամբ: Առաջին հերթին անհրաժեշտ է.
1) իրավաքաղաքական գնահատական տալ նախորդ ռեժիմի գործունեությանը,
2) կազմակերպել ամբողջական և համապարփակ անցումային արդարադատություն, որի դիմաց առնվազն պետք է կանգնեն իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած և այն իրենց հանցագործությունների գործիքի վերածած հանցավոր համագործակցության պարագլուխները,
3) իրականացնել քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա՝ պետականությունը քաղցկեղի նման խժռողներին ու քայքայողներին բացահայտելու, կառավարման լծակներից հեռացնելու, պատասխանատվության ենթարկելու և բազմամիլիարդանոց թալանը հետ բերելու համար,
4)կատարել պետական կառավարման համակարգի, առաջին հերթին՝ դատարանների և իրավապահ մարմինների, կազմի և, հարկ եղած դեպքերում՝ կառուցվածքի ու գործառույթների արմատական փոփոխություններ:
Էական նշանակություն ունի անվտանգության մարմինների համակարգի վերակազմակերպումը: Այսօրվա ԱԱԾ-ն մեր երկիրն իր ճիրաններում պահող հակապետական համակարգի միջնաբերդն ու հիմնական գործիքն է, ուստի այն պետք է վերակազմակերպվի և նրա գործառույթներն ու կառույցները մինչև անվտանգության մարմինների նոր, ազգային համակարգի ձևավորումը պետք է համապատասխանաբար բաշխվեն Պաշտպանության նախարարության, Ոստիկանության և այլ մարմինների վրա:
Միևնույն ժամանակ՝ զբաղեցրած պաշտոններից պետք է հեռացնել ԱԱԾ-ի տնօրենին, տնօրենի տեղակալներին և ԱԱԾ-ի բարձրագույն ու գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց: Այս նպատակների իրագործման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները պետք է կատարվեն անհապաղ՝ մեկ ընդհանուր փաթեթով: Վերը նշվածը 2018 թ. ապրիլ-մայիսյան հեղափոխության մանդատի նվազագույն պահանջն է: Այդ պահանջը չկատարելու պարագայում հեղափոխությունը կձախողվի, իսկ երկիրը կհայտնվի աղետի շեմին՚, - ասվում է ՙՍսանա Ծռերի՚ հայտարարությունում:
Նախօրեին ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՙպաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները՚: ՙՀաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով՚, - ասվում է հաղորդագրությունում: