Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած թուրք կոնգրեսական Հերրի Քոնոլին (դեմոկրատ, Վիրջինիա) այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Ընդ որում, կազմակերպությունը նշում է, որ նման բան տեղի է ունենում պատմության մեջ առաջին անգամ։ Միաժամանակ, կազմակերպությունում հույս են հայտնել, որ Քոնոլիի այցը Ծիծեռնակաբերդ սկիզբ կդնի ժխտողական քաղաքականության ավարտին, այդ թվում նաև ԱՄՆ Կոնգրեսում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Արմինֆոն, ապրիլի 17-ին Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունն այցելել է Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան: Հայաստան ժամանած պատվիրակության կազմում են Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ, Հյուսիսային Կարոլինա), Վերն Բյուքենենը (Հանրապետական, Ֆլորիդա), Դինա Տիտուսը (դեմոկրատ, Նեւադա), Մայքլ Կոննավեյը (Հանրապետական, Տեխաս), Հերրի Քոնոլին (դեմոկրատ, Վիրջինիա), Ադրիան Սմիթը (Հանրապետական, Նեբրասկա), Բարբարա Լին (դեմոկրատ, Կալիֆորնիա) եւ Թերի Սյուելը (դեմոկրատ, Ալաբամա): Պատվիրակության բոլոր անդամները ներկայացնում են Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերությունը։