Արմինֆո.ՙՖրանսիայի հետ մենք ունենք առանձնահատուկ, ինչպես ասում են՝ եղբայրական հարաբերություններ։ Մեր հարաբերությունների օրակարգը ընդգրկում է քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթության ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ՚, - հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականում հրապարակված հարցազրույցում:
Նախարարը հիշեցրել է, որ սա իր երրորդ հանդիպումն է Ժան Իվ Լե Դրիանի հետ։ ՙԻհարկե, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ներկա էր 2018թ․ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։ Բացի այդ, Ֆրանսիան Եվրոպական Միության կարևորագույն անդամներից է, որի հետ Հայաստանը 2017թ․ կնքել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին համաձայնագիրը։ Այս այցը հավելյալ ներդրում է մեր երկկողմ հարաբերությունների ամուր ճարտարապետության մեջ՚, - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։
Անդրադառնալով «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց Հայաստանի առաջնահերթություններին առնչվող հարցին՝ արտգործնախարարը հայտարարել է. ՙԴրանցից են Եվրոպայի հետ համագործակցությունը, օրենքի գերակայությունը, արդարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, բոլոր այն բարեփոխումները, ինչի համար ժողովուրդը մեզ մանդատ է տվել։ Ես կնշեի նաև հարկային բարեփոխումները և տնտեսությունը։ Հայաստանն օժտված է շատ մեծ ներուժով։ Մեր թավշյա հեղափոխության դրդապատճառները ներքին էին, ոչ աշխարհաքաղաքական․ մենք հայամետ ենք, ոչ թե եվրոպամետ, ամերիկամետ կամ ռուսաստանամետ, անգամ եթե մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ՚։