Արմինֆո. ՙԼրագրողներ առանց սահմանների՚ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է Մամուլի ազատության 2019 թվականի տարեկան ինդեքսը, որի համաձայն, Հայաստանը զբաղեցրել է 61-րդ հորիզոնականը 180 երկրների շրջանում՝ այդպիսով բարելավելով իր դիրքերը 19 կետով:
Կազմակերպության կայքում հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ազատ մամուլին առնչվող իրավիճակը բարելավվել է, և նվազել իշխանությունների ճնշումը պետական լրատվամիջոցների նկատմամբ։ Հայաստանը վարկանիշում հավաքել է 28.98 միավոր։
Տարածաշրջանում վիճակն ավելի լավ է միայն Վրաստանում, որն այս տարի մեկ դիրքով բարելավել է իր ցուցանիշները եւ վարկանշայի աղյուսակում զբաղեցրել 60-րդ հորիզոնականը: Զեկույցում նշվում է, որ Վրաստանում մեդիա միջավայրը բազմակարծիք է, սակայն մնում է չափազանց քաղաքականացված։ Զեկույցի հեղինակների հայտարարության համաձայն, անցյալ տարի կատարված բարեփոխումները բարելավել են վիճակը ԶԼՄ-ների սեփականատերերի թափանցիկության եւ արբանյակային հեռուստատեսության բազմակարծության տեսանկյունից, սակայն ԶԼՄ-ների սեփականատերերը դեռեւս հաճախ են միջամտում խմբագրական քաղաքականությանը:
Մինչդեռ, հարևան Ադրբեջանն այս տարի վատթարացրել է իր դիրքերը և զբաղեցրել 166-րդ հորիզոնականը։ Իրանը 170-րդ հորիզոնականում է՝ 6 կետով վատթարացնելով ցուցանիշները, իսկ Թուրքիան պահպանել է նախորդ տարվա արդյունքը և զբաղեցնում է 157-րդ տեղը։
Ընդ որում, ՙԼրագրողներ առանց սահմանների՚ կազմակերպության զեկույցում ընդգծվում է, լրագրողներն ավելի ու ավելի հաճախ են ստիպված լինում աշխատել վախի մթնոլորտում, այն պայմաններում, երբ նրանք պարբերաբար ենթարկվում են հալածանքների եւ ստիպված են պայքարել իրենց նկատմամբ զրպարտության դեմ:
Կազմակերպությունն արձանագրում է, որ 2018 թվականին եվրոպական երկրներում մամուլի ազատության հետ կապված իրավիճակն, ընդհանուր առմամբ, վատացել է: Միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ չնայած այդ հանգամանքին, Եվրոպան այսօրվա դրությամբ մնում է ԶԼՄ-ների աշխատակիցների համար ամենաանվտանգ տարածաշրջանն աշխարհում։
Զեկույցում նաեւ ընդգծվում է, որ բացասական զարգացման վառ օրինակներ են, ի թիվս այլ երկրների, Սերբիան եւ ԱՄՆ-ը: Սերբիայում, որը 14 դիրքով իջել է 90-րդ տեղը, նախագահ Վուչիչը լրագրողներին անվանել է ՙստախոսներ՚ եւ ՙօտարերկրյա լրտեսներ՚, իսկ կառավարամետ ԶԼՄ-ները միտումնավոր սուտ են տարածել քննադատաբար տրամադրված լրագրողների մասին, հարձակման են ենթարկվել Միլան Յովանովիչը եւ նրա կինը։ ԱՄՆ-ում (48-րդ տեղ) ԶԼՄ-ների աշխատակիցների վրա նախագահ Դոնալդ Թրամփի բանավոր հարձակումները պտուղներ են տալիս: Ըստ ՙԼրագրողներ առանց սահմանների՚ զեկույցի, լրագրողները Միացյալ Նահանգներում երբեք այդքան սպանության սպառնալիքներ չեն ստացել, որքան 2018 թվականին:
Վարկանշային աղյուսակի առաջատարը երրորդ անգամ դարձել է Նորվեգիան, որին հաջորդում են Ֆինլանդիան ու Շվեդիան։ Գերմանիան բարձրացել է երկու հորիզոնականով եւ զբաղեցրել 13-րդ տեղը, սակայն դա կապված է ոչ թե երկրի ներսում դրական փոփոխությունների հետ, այլ այն բանի հետ, որ վատացել են այլ երկրներում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի պայմանները, որոնք վարկանշային աղյուսակում ավելի բարձր դիրքեր էին զբաղեցրնում: Վարկանշային աղյուսակը եզրափակում են Թուրքմենստանը (180-րդ տեղ), ԿԺԴՀ-ն (179) եւ Էրիթրեան (178):