Արմինֆո.Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսվող հանդիպումն իրականում Ադրբեջանի նախաձեռնությունն է, այլ ոչ թե՝ ԱՄՆ-ի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը ։
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Վարշավայում լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում: <Երեկ մենք ԱՄՆ -ից հրավեր ենք ստացել այցելելու Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը նույնպես կներկայացնի իր առաջարկները՝ հակամարտության կարգավորման հարցում բեկման հասնելու համար>, - նշել է Մամեդյարովը:
<Բաքվի նման նախաձեռնողականության պատճառներն ակնհայտ են։ Մինսկի խումբը ստիպված էր ընդունել Երևանի առաջարկած բանակցային նոր օրակարգը։ Հայաստանն առաջարկում է առավելագույնս կոնկրետացնել Մադրիդյան սկզբունքները և սկսել քննարկել Արցախի ՝ գործընթացին վերադառնալու հարցը։ Այդպիսով՝ կարգավորման Մադրիդյան սկզբունքներն առաջին անգամ կասկածի տակ են դրվել։ Եվ Բաքուն դրան պատասխանելու ոչինչ չունի>, - ընդգծել է նա ։
Այս պայմաններում Ադրբեջանին, վերլուծաբանի գնահատմամբ, այլ բան չի մնում, քան փորձել միջնորդների հետ աշխատել առանձին-առանձին ՝ իր համար աղետալի հայկական օրակարգի իրացումը կանխելու նպատակով։ Սարգսյանի կարծիքով ՝ պարզ հարցին, թե ինչու Արցախը չի մասնակցում բանակցություններին այսօր ոչ ոք չի կարող պատասխանել, այդ թվում ՝ Ադրբեջանը։ Եվ դա այն պայմաններում, երբ տարածքային խնդրի քննարկումը Ստեփանակերտի, այլ ոչ թե Երևանի բացառիկ իրավասությունն է ։
<Ադրբեջանը պարտվեց, երբ հայկական օրակարգն ընդունվեց Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Եվ Մոսկվայում, դատելով Մամեդյարովի վերջին հայտարարությունից և Վաշինգտոնին ներգրավելու փորձերից, նրանց մոտ ոչինչ չստացվեց ։ Այստեղից էլ դես ու դեն ընկնելը>,- ամփոփել է ՌԱՀՀԿ ղեկավարը։
Ապրիլի 15-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն։