Արմինֆո. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնները շուտով հնարավոր կլինի չսոսնձել մեքենայի դիմապակուն: Այս մասին ապրիլի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ։
Նախարարի խոսքով ՝ ներկայումս Հայաստանում արդեն ներդրվել է ավտոմեքենաների տեխզննման էլեկտրոնային համակարգը։ Համակարգին միացված են տրանսպորտային միջոցների տեխզննման ծառայություններ մատուցող լիցենզավորված ընկերությունները: Տեխզննումն անցնելուց հետո ավտոմեքենաների տեխնիկական տվյալները կներառվեն տվյալների էլեկտրոնային բազայում, որին հասանելիություն կունենա Ճանապարհային ոստիկանությունը:
Նորամուծությունը, Արշակյանի խոսքով, թույլ կտա հրաժարվել կտրոնի սոսնձման պրակտիկայից, որը վկայում է ավտոմեքենայի դիմապակու վրա տեխնիկական զննության անցկացումը: <Տվյալների առցանց բազայում կարելի է լիարժեք տեղեկատվություն գտնել ավտոմեքենայի տեխնիկական վիճակի մասին ՝ թողարկման տարին, շահագործման ժամկետը, ավտոմեքենայի վազքը, տեխզննման ընթացքում թեստավորման արդյունքները>, - պարզաբանել է նա: Այս փուլում համակարգում արդեն կարելի է տեղեկություններ գտնել մոտ 73 հազար տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի մասին ։
Տարվա ընթացքում կպատրաստվի և կընդունվի համապատասխան օրենսդրական բազա, որը կարող է կարգավորել ոլորտում առկա բոլոր իրավահարաբերությունները։