Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են սահմանախախտի, ով ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, մի քանի օր առաջ սահմանապահները Թուրքիայի տարածքում նկատել են Հայաստանի պետական սահմանին մոտեցող անձի: Սահմանախախտն անցել է սահմանամերձ Արաքս գետը, որով անցնում է պետական սահմանը, և փորձել է թաքնվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Մի քանի րոպե անց սահմանախախտը ձերբակալվել է Արտաշատի սահմանապահ ջոկատի կողմից:
Հարցաքննության ընթացքում սահմանախախտը պարզաբանել է, որ Պակիստանի քաղաքացի է և նպատակ է ունեցել հասնել ԵՄ անդամ երկրներ: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է Պակիստանի քաղաքացու անձնագիր և բջջային հեռախոս: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: