Արմինֆո. Թուրքիայի խոշոր քաղաքների տեղական ընտրություններում ՙԱրդարություն եւ զարգացում՚ կուսակցության պարտությունը խոսում է երկրում ներքաղաքական ճգնաժամի առկայության մասին, որը որոշակի խթան կհանդիսանա 2019 թվի նոյեմբերին կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում ընդդիմադիր ուժերի ակտիվացման համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում 13 քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ռեջեփ Էրդողանի իշխող ՙԱրդարություն եւ զարգացում՚ կուսակցությունը, ընդհանուր առմամբ, ողջ երկրում հաղթելով ընտրություններում, պարտվել է 21 նահանգներում, այդ թվում՝ այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Ադանան եւ Անթալիան:
ՙՀաշվի առնելով Էրդողանի քաղաքական անցյալը, չէ որ նա ինքը քաղաքականության մեջ է հայտնվել շահելով տեղական ընտրությունները և դառնալով Ստամբուլի քաղաքապետ, անցած ընտրությունները Թուրքիայի նախագահի համար մեծ կարևորություն են ներկայացնում։ Սա յուրօրինակ ցուցիչ է: Այդ իսկ պատճառով, ընդհանուր առմամբ, վերջին տեղական ընտրությունները շատ քաղաքականացված էին և, անշուշտ, դուրս էին եկել տեղական ինքնակառավարման տարբեր խնդիրների շրջանակներից։ Եվ կարևոր չէ, որ Ստամբուլում AKP-ի պարտության առնչությամբ դեռ ամեն ինչ պարզ չէ՝ հաշվի առնելով կառավարող կուսակցության կողմից ընտրությունների արդյունքների բողոքարկումը՚, - նշել է նա։ AKP-ն երկրի բարձրագույն ընտրական խորհրդին (YSK) բողոք է ներկայացրել՝ պահանջելով ձայների վերահաշվարկ Ստամբուլում եւ այլ խոշոր քաղաքներում: Ընդ որում, խորհուրդը հրաժարվում է դիտարկել երկրի հարավ-արեւելքում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ստացված համանման միջնորդությունները: Ավելին, YSK-ն հրաժարվել է տրամադրել փաստաթուղթ, որն անհրաժեշտ է այդ կուսակցությունից ընտրված մի քանի քաղաքապետերի և ավագանու անդամների պաշտոնն ստանձնելու համար։
Անկարայում եւ, հնարավոր է, Ստամբուլում AKP-ի թեկնածուի պարտությունը թուրքագետը բացատրում է ՙմայրաքաղաքների՚ գաղափարական մերձությունը Նոր Թուրքիայի արարիչ Քեմալ Աթաթուրքի աշխարհիկության գաղափարներին: Մինչդեռ Մուստաֆա Քեմալի աշխարհիկությունն ու նույնիսկ կերպարը, ըստ էության, անընդունելի են ներկայիս իսլամիստական իշխանության համար։
ՙԱյս ֆոնին առանձնապես զարմանք չի հարուցում քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցության հաջողությունը Թուրքիայի խոշոր քաղաքներում։ ԺՀԿ-ն լայն ներկայացվածություն եւ քաղաքական բջիջներ ունի այդ բոլոր քաղաքներում: Դրան գումարած հմուտ նախընտրական քարոզարշավը և ներկայացուցչական թեկնածուին՝ լիովին կարելի է հաջողություն արձանագրել՚, - ամփոփել է Մելքոնյանը։