Արմինֆո.ՙՌուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններում նոր իշխանությունները պետք է հնչեցնեն պարզ ճշմարտություն՚, - ԱրմԻնֆո-ին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի երկու գումարումների պատգամավոր, նախկին խորհրդային քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:
Արշակյանի գնահատմամբ, Հայաստանի նախկին իշխանություններն ի վիճակի չէին Մոսկվայի առջև հնչեցնել այդ ճշմարտությունը, մասնավորապես, պարբերաբար բարձրացնել այն հարցը, թե արդյոք Ռուսաստանն իրականում Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Հանրապետության նոր իշխանությունները, Արշակյանի կարծիքով, ունեն դրա համար բոլոր հնարավորությունները, մասնավորապես, ընտրության հնարավորություն եւ մեծ ազատություն իրենց գործողություններում։
Արշակյանի համոզմամբ, արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում նոր իշխանությունները մոսկովյան գործընկերների համար պետք է դառնան իրավահավասար գործընկերներ՝ ձերբազատվելով սատելիտ երկրի բազմամյա կարգավիճակից։ ՙԽնդիրն այն է, որ Մոսկվան ղեկավարվում է ոչ թե Հայաստանի շահերով՝ որպես ռազմավարական դաշնակցի, այլ Ադրբեջանի հանդեպ պարտավորություններով։ Բոլշևիկյան Ռուսաստանը, ստորագրելով 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը, պարտավորվել է ապահովել Արցախի պատկանելությունն Ադրբեջանին և մինչ օրս պահպանում է այն՝ չհրաժարվելով այդ կետից՚, - ընդգծել է նա։
Մինչդեռ, ինչպես համոզված է նախկին խորհրդային այլախոհը, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկու երկրները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ցույց են տալիս իրենց հավատարմությունը միջազգային տրամաբանությանը և Ազգերի Լիգայի 1920 թվի դեկտեմբերի 1-ի գնահատականներին, որոնց համաձայն, Արցախը վիճելի տարածք է, և այդ գնահատականների տակ կան նաև Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստորագրությունը։ Եվ դա այսօր պրոյեկցվում է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումների վրա՝ որպես արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ։ Ուստի, ինչպես կարծում է Ազատ Արշակյանը, Հայաստանը պետք է զգուշությամբ վերաբերվի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ցանկացած առաջարկության։ ՙԽոսքը, բնականաբար, վերաբերում է բացառապես Մոսկվայի առանձին առաջարկներին, այլ ոչ թե համանախագահող բոլոր երեք երկրների համաձայնեցված առաջարկներին՚, - ընդգծել է Արշակյանը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը դեռեւս ընթանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007 թվականին Մադրիդում առաջադրված եւ 2009 թվականին նորացված ՙմադրիդյան սկզբունքների՚ հիման վրա, որոնք, ի թիվս այլ բաների, նախատեսում են խաղաղապահ ուժերի տեղակայում հակամարտության գոտում: