Արմինֆո. Ցանկացած բանակցություն, դա առաջ տանող քայլ է, որքան ինձ հայտնի է, կողմերը հայտարարել են, որ որոշակի առաջընթացի են հասել։ Այդ մասին ապրիլի 16-ին Երեւանում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ասաֆ Գաջիեւը՝ ԱրմԻնֆո-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երեկվա հանդիպմանը։
Գաջիեւը նշել է, որ շատ դրական է այն, որ բանակցությունների ընթացքում կողմերը հասել են փոխըմբռնման, մասնավորապես, հումանիտար փոխգործակցության բաղադրիչի ակտիվացման հարցում: ՙՇատ դրական է նաեւ, որ կողմերը պայմանավորվել են փոխադարձ այցեր կազմակերպել ԶԼՄ-ների մակարդակով, քանի որ մամուլը կարող է հասկանալ հարեւան երկրում տիրող մթնոլորտը եւ ճիշտ ներկայացնել այն՚, - նշել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարը:
Ընդ որում, նա կրկին հնչեցրել է Բաքվի դիրքորոշումը այն մասին, որ բանակցությունները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ ՙհայկական ԶՈՒ ազատեն գրավյալ տարածքները՚: ՙՄիջազգային իրավունքի բոլոր նորմերով Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Որպեսզի բանակցություններն ընթանան բարենպաստ մթնոլորտում, Հայաստանի նոր իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենք պետք է հեռանան օկուպացված տարածքներից՚, - ընդգծել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ ՙտարածքների դեօկուպացիայից հետո Ադրբեջանի իշխանությունները
պատրաստ ենք Ղարաբաղին տրամադրել ինքնավարության ամենաբարձր կարգավիճակը՚։
Գաջիեւը անդրադարձել է նաեւ ՙՆոր պատերազմ ՝ նոր տարածքներ՚ սկզբունքի իրագործման մասին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը: ՙՆման ռազմատենչ հայտարարությունը Հայաստանի պաշտպանության նախարարի շուրթերից, պարզապես, ծիծաղելի է թվում։ Ադրբեջանի բյուջեն գրեթե 10 անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեն։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ աշխարհը փոխվել է, և Ադրբեջանն է փոխվել։ Եվ եթե պատերազմը վերսկսվի, ապա այն կկրի տեխնոլոգիական բնույթ, և կհաղթի ուժեղագույնը՚, - ընդգծել է Գաջիևը ։
ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանի պաշտպանության նախարարը ՙկհասկանա իր սխալը՚: ՙՁեր պաշտպանության նախարարը պետք է մտածի այն մասին, թե ինչ է ասում, ընդ որում, նա այդ հայտարարությունն անում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների մեկնարկից մեկ շաբաթ առաջ: Ի՞նչ էր նրա ուզածը։ Բանակցությունների ձախողու՞մը՚ , - հարցրել է Գաջիեւը:
Ի պատասխան ԱրմԻնֆո-ի թղթակցի այն դիտողությանը, որ ոչ պակաս ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զակիր Գասանովը, սպառնալով հասնել մինչև Երևան, Գաջիևը նշել է. ՙԵրբ մեզ սպառնում են, մենք չենք կարող չարձագանքել՚: Ձեր կողմից հնչում է մի հայտարարություն, որն իր մեջ ոչինչ չի կրում, բացի ապակառուցողական քաղաքականությունից, մենք ընդամենը պատասխանել ենք։ Մի արդարացրեք Տոնոյանին, ավելի ճիշտ է ասել, որ դա սխալ հայտարարություն էր։ Ըստ երևույթին, Հայաստանում կան ուժեր, որոնք չեն ցանկանում հակամարտության խաղաղ կարգավորում՚։
Նա նաեւ նշել է, որ երկու անգամ կողմերը շատ մոտ են եղել հակամարտության լուծմանը։ ՙԱռաջին փորձն ավարտվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով, երկրորդը ավարտվեց 1999 թվականին խորհրդարանի գնդակահարությամբ՚, - ամփոփել է նա:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ