Արմինֆո.Սպիտակ տան առջեւ անցած մոմավառությունը հիշեցում էր Միացյալ Նահանգների նախագահին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջի մասին: Պահանջ, որն ըստ հավաքվածների անհրաժեշտ է պատմական արդարության վերականգնման եւ ապագայում նման ողբերգության կանխման համար:
Այս անգամ մոմավառության մասնակիցները որոշեցին նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի այն նահանգներին, որոնք մեկ դար առաջ հատուկ ներդրում ունեին ցեղասպանությունից տուժած հայ ժողովրդին օգնելու գործում.
<Ալաբամա, Կալիֆոռնիա, Միսիսիպի, Նյու Յորք եւ Վիրրջինիա, մենք ընդմիշտ շնորհակալ կլինենք այն բոլոր զոհաբերությունների համար, որ դուք արեցիք այս անմեղ մարդկանց փրկելու համար>, - ասել է Նանար Կեուրկունյանը, հայտնում է <Ամերիկայի Ձայնը>:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահը ապրիլի 24-ին ավանդաբար հատուկ հայտարարությամբ է հանդես գալիս, որը նվիրված է մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի կոտորածին, որը նախագահ Բարակ Օբամայից սկսած ԱՄՆ-ի նախագահները Մեծ Եղեռն են անվանում: Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականի իր հայտարարության մեջ օգտագործել էր Հայոց ցեղասպանություն եզրը: