Արմինֆո. ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը բաժակաճառ չէր հիշեցնում, ինչով դրականորեն տարբերվում էր նախորդների ելույթներից։ ԱրմԻնֆո-ին այդպիիս կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը։
ՙԻմ կարծիքով, վարչապետի ելույթում պակասում էր միայն այն բանի հիշեցումը, որ Ադրբեջանը չի կատարել 2001 թվականին Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ Հայաստանի հետ միասին ստանձնած պարտավորությունը՚, - նկատել է նա:
Ընդ որում, հարցեր ուղղելով Փաշինյանին, ադրբեջանցի պատվիրակները, իրենց հերթին, Սաֆարյանի գնահատմամբ, գործել են բավականին խելամիտ՝ ձեռնպահ մնալով հիստերիկ տոնից և հակահայկական հայտարարություններից։ Հայաստանի վարչապետի ողջ ելույթի խաղաղասիրական տոնայնության ֆոնին նման տոնն ու բովանդակությունը Ադրբեջանին ոչ լավագույն լույսի ներքո կներկայացնեին։ Ասել է թե՝ ըստ վերլուծաբանի, Փաշինյանին, գորիծնականում, հաջողվել է հակառակորդին զինաթափել հենց պացիֆիստական տոնով և իր ելույթի բովանդակությամբ։
Ապրիլի 11-ին Փաշինյանը, պատասխանելով թուրք պատվիրակ Այդին Քամիլի հարցին, ընդգծել է, որ Հայաստանը բնավ չի ձգտում ղարաբաղյան բանակցությունների ձևաչափի փոփոխության՝ ցանկանալով վերադառնալ բանակցությունների նախնական ձևաչափին, որին մասնակցել է նաև Ղարաբաղը։ ՙՄենք ձեւաչափի փոփոխության հարց չենք դնում, բայց Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի։ Մենք առաջարկում ենք նստել սեղանի շուրջ, քննարկել հակամարտության բոլոր նրբությունները, համաձայնել, որ մենք խոսում ենք հարցի կարգավորման մասին, համաձայնել, որ մեր օրակարգը միմյանց ոչնչացնելու օրակարգ չէ, այլ հարցերի կարգավորման օրակարգ է, ինչպես վայել է 21 - րդ դարի մարդկանց, ինչպես վայել է ԵԽ անդամ երկու երկրների: Ես ուզում եմ, որ կառավարությունների, հասարակությունների, երիտասարդների միջև այս խոսակցությունը սկսվի և կայանա, որովհետև մեր օրակարգը խաղաղության օրակարգն է՚, - ասել է վարչապետը։
Վերլուծաբանը պայմանականորեն Փաշինյանի ելույթը կիսում է երեք մասի. Հայաստանը երեկ, Հայաստանն այսօր և այն, ինչպիսին Հայաստանը կլինի վաղը, և որն է այդ ամենում ԵԽԽՎ դերը։ Այս լույսի ներքո, նա ելույթի կառուցվածքը գնահատել է որպես, ընդհանուր առմամբ, ճիշտ կառուցված: Ըստ Սաֆարյանի, ԵԽԽՎ դերը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին միշտ ներկայացվել է բացառապես ընդհանուր գծերով: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հաճախ նույնիսկ չեն հասկացել, թե այդ ինչ կառույց է եւ ինչ է այն տալիս Հայաստանին:
ՙԱյս լույսի ներքո Փաշինյանը Հայաստանի ժողովրդավարացման համառոտ ժամանակագրությունը բավականին հմտորեն միահյուսել է սեփական պատմությանը և քաղաքական բեքգրաունդին։ Այս իմաստով նրա օրինակը կարելի է դիտարկել որպես ավելի քան 100 մարդու քաղաքական հետապնդումների մարմնավորում՚, - ամփոփել է Սաֆարյանը։