Արմինֆո. Հայաստանում մինչև 5 տարեկան ավելի քան 171 000 երեխա մանկապարտեզ չի հաճախում՝ կազմելով աշխարհում նախադպրոցական կրթություն չստացող 175 մլն երեխաների մի մասը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցում նշվում է, որ այն երկրները, որտեղ երեխաների մեծ մասը նախադպրոցական կրթություն չի ստանում, կորցնում են շահավետ ներդրում կատարելու հնարավորությունը, որը խորացնում է անհավասարությունը հասարակության շրջանում: Օրինակ, զածր եկամուտ ունեցող երկրներում 10 երեխայից միայն երկուսն են մանկապարտեզ հաճախում: Համեմատության համար ասենք, որ Հայաստանի գյուղերում այս ցուցանիշը նույնն է:Չնայած քաղաքներում իրավիճակ մի փոքր ավելի լավ է, սակայն այստեղ նույնպես երեխաների մեծամասնությունը մանկապարտեզ չի հաճախում (քաղաքներում տասը երեխայից 4-ն է հաճախում): Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ մանկապարտեզ չհաճախելու հիմնական պատճառներ են. երեխայի մոր չաշխատելը` 53%, մանկապարտեզի բացակայությունը` 28%, այդ ծառայության թանկ լինելը` 4%:
«Նախադպրոցական կրթությունը հանրակրթության առաջին աստիճանն է և մեր երեխաների կրթության հիմքը. կրթության յուրաքանչյուր հաջորդ մակարդակ հիմնվում է նախադպրոցական կրթության հաջողության վրաե,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը: «Մինչդեռ աշխարհում, նաև Հայաստանում շատ ու շատ երեխաներ նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն չունեն, ինչի պատճառով մեծանում է հավանականությունը, որ այս երեխաներն ավելի ցածր առաջադիմություն կունենան դպրոցում, կհայտնեվեն դպրոցից դուրս մնալու ռիսկի տակ կամ կմնան ավելի հաջողակ հասակակիցների ստվերումե:
Նախադպրոցական կրթության վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին «Սովորելուն պատրաստ աշխարհ՝ առաջնահերթությունը տալով որակյալ նախադպրոցական կրթությանըե զեկույցը փաստում է, որ նույնիսկ ընդամենը մեկ տարի նախադպրոցական կրթություն ստացած երեխաներն ավելի հավանական է` ձեռք բերեն քննադատական հմտություններ ու քիչ հավանական է՝ ցածր առաջադիմություն ունենան ու դպրոցից դուրս մնան: Ուստի, այս երեխաները ավելի խաղաղ ու զարգացող հասարակություն կձևավորեն հետագայում: Նախադպրոցական կրթություն ստացող երեխաները երկու անգամ ավելի հավանական է, որ հաջողեն մաթեմատիկայում և այլ առարկաներում, քան այս կրթությունը բաց թողող երեխաները:Այն երկրներում, որտեղ ավելի շատ երեխաներ են հաճախում նախադպրոցական հաստատություններ, նաև ավելի շատ երեխաներ են հաջողությամբ ավարտում տարրական կրթությունը՝ ստանալով նվազագույն անհրաժեշտ մաթեմատիկական և լեզվական գիտելիքներ:
Վերոնշյալ զեկույցը փաստում է, որ ընդհանուր առմամբ աշխարհում երեխայի՝ նախադպրոցական հաստատություն չհաճախելու հիմնական պատճառներն են աղքատությունը, երեխայի մոր կրթական մակարդակը և երեխայի բնակության վայրի աշխարհագրական դիրքը: Բնականաբար, գերակշռող պատճառը աղքատությունն է:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին պարտադիր դարձնել առնվազն մեկ տարի նախադպրոցական կրթությունը յուրաքանչյուր երեխայի ու հատկապես ամենախոցելի խմբերի երեխաների համար: Իսկ սա իրականություն դարձնելու համար կառավարությունները պետք է երկրի կրթությանն ուղղված բյուջեի նվազագույնը 10 տոկոսն ուղղեն նախադպրոցական կրթության ֆինանսավորմանը՝ ներդրումներ կատարելով դաստիարակների, որակյալ ստանդարտների մշակման և ծառայության հասանելությունը ապահովելու համար: