Արմինֆո.: Թավշյա հեղափոխությունից հետո մեզ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստին:
<Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք ստվերային տնտեսությունը. վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել, եւ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ, որն աշխատաշուկայի ընդհանուր թվի տասը տոկոսն է: Մեր բյուջեի եկամտային մասի լրջագույն գերակատարումներ են արձանագրվել, և մենք մտադիր ենք 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարել շուրջ 70 մլն եվրոյով` առնվազն 70 մլն եվրոյով, որը մեր բյուջեի եկամտային մասի 2,6 տոկոսն է:
Այս հավելյալ գումարները կծառայեն ճանապարհների կառուցմանը, կրթական եւ առողջապահական ներդրումներին, տարածքային համաչափ զարգացմանը, եւ աշխատավարձեր կբարձրացվեն: Մեր կառավարության գործունեությունը թափանցիկ է եւ հաշվետվողական, եւ մեր իշխանությունը բխում է մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունից:
Հայաստանն այսօր միարժեքորեն ժողովրդավարական երկիր է` խոսքի եւ հավաքների կատարյալ ազատությամբ: Ընտրությունների կեղծման, համակարգային կոռուպցիայի էջը մեր երկրում փակված է անշրջելիորեն: Մեր կառավարությունը միջոցներ է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ:
Բայց մեր ժողովրդավարությունն ուժեղանալու, տնտեսական եւ ինստիտուցիոնալ երաշխիքների անհրաժեշտություն ունի: Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անկախ դատական համակարգի կայացումը, հակակոռուպցիոն ինստիտուտների հիմնադրումն ու ուժեղացումն այն առանցքային ոլորտներն են, որտեղ մենք Եվրոպայի խորհրդի աջակցության կարիքն ունենք:
Այս ամենը կարեւոր է` ոչ միայն քաղաքական հեղափոխության արդյունքներն ամրագրելու, այլեւ մեր սկսած նոր՝ տնտեսական հեղափոխությունը բարեհաջող ավարտին հասցնելու համար:
Մեր ձեռնարկած տնտեսական հեղափոխության առանցքային նպատակն ու իմաստը մեր քաղաքացիներին տնտեսական գործունեության քաջալերելն է, նրանց համար իրական հնարավորություններ ստեղծելը, Հայաստանը ներդրումների եւ զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելը եւ մեր երկիրը տեխնոլոգիական առաջամարտիկի վերածելը:
Եւ մենք համոզված ենք, որ հաջողելու ենք այս դժվարին առաքելության մեջ, որովհետեւ մեր ժողովուրդը վերգտել է վստահությունը սեփական ուժերի եւ սեփական ապագայի նկատմամբ>,- ասել է նա: