Արմինֆո.:Հայաստանում այսօր ժողովրդավարությունը հաղթել է, եւ դա տեղի է ունեցել նախորդ տարվա այս օրերին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շնորհիվ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստին:
<Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ հեղափոխությունը ծնվել է հայ ժողովրդի հոգում եւ սրտում, եւ չի եղել ոչ մի, բացարձակապես ոչ մի օտարերկրյա ուժ, որ որեւէ կերպ ներգրավված լինի մեր հեղափոխության մեջ: Մեր հեղափոխությունը չի ունեցել ոչ մի աշխարհաքաղաքական բովանդակություն, ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ:
Բայց ինչպե՞ս ուրեմն այս հեղափոխությունը տեղի ունեցավ, ինչպե՞ս հաջողության հասավ: 2015 թվականին Հայաստանի այն ժամանակվա փաստացի ղեկավար Սերժ Սարգսյանն իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտին նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանը կառավարման կիսանախագահական ձեւից 2018 թվականի ապրիլին պետք է անցում կատարեր խորհրդարանական համա-կարգի:
Երբ այս սահմանադրական փոփոխությունները նախաձեռնում էր, հրապարակային խոստացավ, որ այլեւս երբեք չի հավակնելու Հայաստանի Հանրապետության ղեկավարի, տվյալ դեպքում՝ նաև վարչապետի պաշտոնին: Բայց 2018 թվականին պարզվեց, որ նա է իշխող մեծամասնության վարչապետի թեկնածուն, եւ դա իմանալով ես ու իմ ընկերները 2018 թվականի մայիսի 31-ին քայլարշավ սկսեցինք Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիից դեպի մայրաքաղաք Երեւան՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ անելով կանխել Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական խաբեության իրականացումը:
Մենք 13 օր քայլեցինք ավելի քան 200 կիլոմետր` այդ ողջ գործընթացը լուսաբանելով սոցիալական ցանցերի ուղիղ եթերում: Եվ մայրաքաղաք Երեւանում նախ մեր շարժմանը միացան բազմաթիվ դպրոցականներ՝ տղաներ եւ աղջիկներ, հետո նրանց ետեւից եկան նրանց ավագ եղբայրները եւ քույրերը, հետո նրանց ետեւից եկան նրանց մայրիկները եւ հայրիկները, ապա տատիկները եւ պապիկները:
Եվ չնայած 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը խորհրդարանի կողմից վարչապետ ընտրվեց, իսկ ապրիլի 22-ին ես կրկին հայտնվեցի բանտում, հաջորդ իսկ օրը Սերժ Սարգսյանը ժողովրդի ճնշման ներքո ստիպված էր ինձ ու իմ ընկերներին ազատ արձակել եւ հրաժարական տալ: Իսկ դրանից 15 օր անց` 2018 թվականի մայիսի 8-ին, այդ նույն խորհրդարանը ինձ ընտրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետեւ դա էր պահանջում ողջ հայ հանրությունը: Ահա այսպես տեղի ունեցավ մեր հեղափոխությունը, որը մենք անվանում ենք Սիրո եւ համերաշխության հեղափոխություն, որովհետեւ այն ի սկզբանե հիմնված է եղել ոչ բռնի պայքարի տրամաբանության վրա: Վեր պարզած բաց ձեռքերը մեր հեղափոխության սիմվոլն էր: Եվ դա նշանավորում էր մեր բազմիցս արած հայտարարությունն այն մասին, որ եթե նույնիսկ ոստիկանությունն ու նախկին կառավարության ներկայացուցիչներ մեր նկատմամբ բռնություն գործադրեն, մենք այդ բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու: Եվ սերը, ոչ բռնի պայքարի գաղափարը իսկապես հաղթեց Հայաստանում երկար տարիներ իշխած օլիգարխիական, կոռուպցիոն համակարգին: Հաղթեց առանց որեւէ բռնության, հաղթեց առանց որեւէ զոհի, հաղթեց առանց որեւէ զենքի: Վեր բարձրացրած, վեր պարզած բաց ձեռքերով>,- ասել է վարչապետ: