Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել, որով ապրիլի 24-ը հռչակվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Այսպիսով՝ Մակրոնը կատարեց այս տարվա փետրվարին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա խորհրդում ելույթի ժամանակ հայ համայնքին տված խոստումը։
ՙՇատ հպարտ եմ, որ Հայաստանում այն երկրի ներկայացուցիչն եմ, որտեղ ամեն տարի ոգեկոչելու են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը մեր հավաքական հիշողության անբաժանելի մասն է՚, -ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ վերը նշված հրամանագրի ստորագրման առնչությամբ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 4 փաստաթուղթ՝ 1998, 2000, 2001 և 2006 թվականներին: Բացի այդ, փորձ արվեց քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն օրենքի ընդունումից հետո այն ճանաչվեց հակասահմանադրական։