Արմինֆո. Ներկա պայմաններում Ադրբեջանի բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ` պատերազմի ։ Այսպես են արձագանքել Ադրբեջանի ՊՆ - ում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի երեկվա կոչին, թե Հայաստանում պատերազմ չեն ցանկանում, իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության ։
Այսպես, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլին, մեկնաբանելով Տոնոյանի հայտարարությունը, վստահեցրել է, որ աշխարհում չկա այնպիսի երկիր, որի բանակը պատրաստվի խաղաղության։ Նրա խոսքով ՝ բանակի խնդիրն է պատրաստ լինել ոչ թե խաղաղության, այլ՝ պատերազմի ։
"Բանակի գործառույթն է ՝ մշտապես գտնվել մարտական պատրաստության վիճակում, պաշտպանել իր երկրի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ապահովել նրա անվտանգությունն ու պաշտպանությունը ։ Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը, եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա հայ զինվորները պետք է անվերապահորեն լքեն ադրբեջանական տարածքները: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է մեկընդմիշտ գիտակցի, որ մեր բանակը կարող է խաղաղության մասին մտածել միայն տարածքների ազատագրումից հետո ։ Ներկա պայմաններում Ադրբեջանի բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ՝ պատերազմի", - եզրափակել է Դարգյահլին ։