Արմինֆո. Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի (Radek Vondrոček) հետ։
Ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին՝ նախագահ Վոնդրաչեկը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն ներգրավվել հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերություններում, և իր համակրանքը՝ Հայաստանի նորընտիր խորհրդարանի և Հայաստանում իրագործվող ժողովրդավարության զարգացման գործընթացների հանդեպ։
ՀՀ դեսպանը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահին՝ Պալատի կողմից 2017թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ։ Նա ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները՝ հատկապես շեշտելով Եվրոպական Միության հետ զարգացող համագործակցությունը, և այդ առումով կարևորելով Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ վավերացման անհրաժեշտությունը։ Դեսպանը բարձր է գնահատել հայ-չեխական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների դինամիկան՝ հույս հայտնելով, որ Ռադեկ Վոնդրաչեկը մոտ ապագայում կայցելի Հայաստան։
Դեսպանը նաև տեղեկացրել է Պատգամավորների պալատի նախագահին ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին զարգացումների վերաբերյալ։