Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` Ռուսաստան, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա) հովանու ներքո հանդիպեցին Վիեննայում։ Այդ մասին ասվում է Վիեննայում հանդիպման արդյունքների համաձայն միջնորդների տարածած հայտարարության մեջ։
Հանդիպմանը մասնակցել են նաև արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։
<Հանդիպումն ընթացել է դրական ու կառուցողական մթնոլորտում և հնարավորություն ընձեռել երկու առաջնորդներին հստակեցնելու իրենց դիրքորոշումները։ Նրանք տեսակետներ են փոխանակել մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ՝ կապված կարգավորման գործընթացի և բովանդակային գաղափարների շուրջ։ Երկու առաջնորդներն ընդգծել են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում հետագա հստակ ու շոշափելի քայլերի ձեռնարկման կարևորությունը։
Անդրադառնալով Դուշանբեում իրենց ունեցած խոսակցությանը՝ առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը և բարելավելու ուղիղ հաղորդակցման մեխանիզմները։ Նրանք նաև համաձայնել են մի շարք միջոցներ մշակել հումանիտար ոլորտում։
Վարչապետն ու նախագահը հանձնարարել են իրենց նախարարներին մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահներին։ Նրանք նաև համաձայնել են շարունակելու ուղիղ երկխոսությունը»,- ասված է հայտարարության մեջ։