Արմինֆո.Դեպի Գալիպոլի ուխտագնացությունը պետք է դադարեցվի, հայտարարել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը համաշխարհային լայն հասարակայնությանն ուղղված իր հոդվածում, որը հրապարակվել է Newshub պարբերականում:
Հիշեցնենք, որ 1915-ին թուրքական Գալիպոլի թերակղզու համար ճակատամարտը Առաջին համաշխարհային պատերազմի լոկալ մարտերից մեկն էր եւ Անտանտի համար նպատակ ուներ դուրս մղել Գերմանիայի դաշնակից թուրքերին Դարդանելից, դուրս բերել նրան պատերազմից եւ բացել ծովային ճանապարհ դեպի Ռուսաստան: Անտանտի կողմում կռվում էին անգլիական և ֆրանսիական զորքերը, նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի զինվորական կազմավորումը, ինչպես նաև Սենեգալի, Հնդկաստանի ստորաբաժանումները և, նույնիսկ, Հրեական լեգիոնը։ Սակայն թուրքերը հաղթեցին: Թուրքիան այդ հաղթանակը հռչակել է «մեծ ճակատամարտ՚ և ամեն տարի, ի հիշատակ այդ ճակատամարտի զոհերի, հրավիրում է տարբեր պետությունների և կառավարությունների ղեկավարների։
Ինչպես ընդգծում է Թանկյանը, նախորդ շաբաթ Ալաբաման դարձավ ԱՄՆ 49-րդ նահանգը (50-ից), որը պաշտոնապես ճանաչել է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի կառավարությունը, որը գլխավորում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես կարծում է Թանկյանը, անտեսելով Ցեղասպանության համար իր պատասխանատվությունն այդ սարսափելի ողբերգության 1,5 միլիոն զոհերի համար, այս օրերին նշում է Գալիպոլիի հաղթանակը, և ամեն տարի միլիոնավոր դոլարներ է ծախսում Վաշինգտոնում և աշխարհի այլ մայրաքաղաքներում՝ լոբբինգ անելով ցեղասպանության չճանաչումը։ «Որպես ամերիկահայ, ում նախնիները եղել են Թուրքիայում կատարված ոճրագործությունների անմիջական վկաները, ես հարգանքով եմ վերաբերվում ընտանիքներին, հարգանքի տուրք մատուցելով զոհված հերոսներին, բայց չեմ վստահում Թուրքիայի ժամանակակից առաջնորդների իրական մտադրություններին՚, - գրել է Թանկյանը: Նա կարծում է, որ այս շաբաթ Նոր Զելանդիայում մենք վերապրեցինք մեր արդի պատմության ամենասարսափելի դրվագներից մեկը` Քրայսթչըրչի երկու մզկիթներում անմեղ հավատացյալների գնդակահարումը Ավստրալիայի քաղաքացիությամբ միայնակ զինված մարդու կողմից:
«Հրաձգությունից հետո հայտնի դարձավ, որ Էրդողանը բազմիցս տեղական ընտրական հանրահավաքներում ներկայացրել է այդ հրաձիգի տեսանյութի խմբագրված տարբերակը և բացահայտ սպառնացել նորզելանդացիներին ու ավստրալացիներին՝ հայտարարելով. «Ձեր նախնիները եկել են մեզ մոտ, և նրանցից ոմանք վերադարձել են դագաղներով։ Եթե դուք գաք այնպես, ինչպես ձեր պապերը, վստահ եղեք, որ դուք կհեռանաք ձեր պապերի պես՚, - վկայակոչել է Էրդողանի խոսքերը Թանկյանը` մի շարք հարցեր ուղղելով նրանց, ովքեր որոշումներ են կայացնում համաշխարհային քաղաքականության մասշտաբներով. «Ի՞նչ է ձեզ պետք, որպեսզի գիտակցեք, որ լրագրողների, ընդդիմության եւ փոքրամասնությունների առաջնորդների (հիմնականում քրդերի) բանտ նետող կոռումպացված բռնապետին հանգստացնելու քաղաքականությունը, որը թույլ է տալիս ԻԼԻՊ-ին մուտք գործել Ստամբուլի հիվանդանոցներ եւ սրճարաններ, ով բացահայտորեն սպանում է էթնիկ քրդերին Թուրքիայում եւ Սիրիայում, ով զրպարտում է կանանց, ենթարկվել է հետաքննության վատնման եւ կոռուպցիայի համար, աշխատանքից ազատել է 100 հազարից ավելի ուսուցիչների, ոստիկանների, գիտնականների և վճռականորեն ժխտում է հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը, կհանգեցնի հենց Թուրքիայի հետագա ամայացման, ապակայունացման ողջ տարածաշրջանում և աշխարհում։ Լուրջ, ինչի՞ եք սպասում, գուցե ևս մեկ ցեղասպանությա՞ն՚, - հարց է տալիս աշխարհահռչակ երաժիշտը։
Սերժ Թանկյանն ընդգծել է, որ չի հասկանում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի փոփոխվող վարչակազմերի կողմից խաղաղեցման մոլի քաղաքականությունը՝ ենթադրվող աշխարհաքաղաքական առավելությունների դիմաց: Եվ դա այն ժամանակ, երբ Էրդողանը խաղեր է խաղում Պուտինի և Թրամփի, և մյուս առաջնորդների հետ՝ օգտվելով նրանց հակասություններից։ Էրդողանը եվրոպացի առաջնորդներին նացիստ է անվանում այն բանի համար, որ նրանք իրեն և իր կաբինետի անդամներին թույլ չեն տվել ելույթ ունենալ Եվրոպայում թուրքական փոքրամասնության առջև` այն դեպքում, երբ ինքն է վերջ տվել Թուրքիայում խոսքի ազատությանը։ Այդ համատեքստում Թանկյանը հիշեցրել է պատմության էջերը, թե ինչպես Հիտլերն էլ հանդարտ էր այնքան ժամանակ, քանի դեռ չէր ներխուժել Լեհաստան, իսկ որոշ առաջնորդներ, նույնիսկ դրանից հետո, շարունակում էին այդ քաղաքականությունը։ «Արդյո՞ք ժամանակը չէ ասելու` «բավական է՚: Ժամանակը չէ՞ հրաժարվել հանուն առեւտրի, երեւակայական աշխարհաքաղաքական առավելության եւ Apache ռազմական ուղղաթիռների վաճառքի (ԱՄՆ-ի դեպքում) կամ հանուն էլի ինչ-որ բանի Էրդողանին հանգստացնելու քաղաքականությունից՚ - հարց է տալիս Սերժ Թանկյանը:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն ունի անկախության եւ ռացիոնալ քաղաքականության հպարտ պատմություն, եւ «մենք պետք է գնանք ավելի բարձր բարոյական ճանապարհով՚: Ուստի, ինչպես նշել է Թանկյանը, եթե անգամ Էրդողանի կառավարությունը փորձում է կաշառել Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսին օրուելյան երկմտանքի միջոցով (երկակի ստանդարտների քաղաքականություն - խմբ.), առաջարկելով գնել ավելի շատ ապրանքներ կամ ծառայություններ, ապա մենք նրան պետք է ասենք հստակ «ոչ՚: