Արմինֆո.Հայաստանի ռեստորանատերերը պատրաստել են հասարակական վայրերում ծխելու արգելքի մասին օրինագծի իրավական գնահատականը եւ իրենց առաջարկները Առողջապահության նախարարության օրենսդրական նախաձեռնության բարելավման համար, սակայն շուրջ 2 ամիս գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանը ոլորտի ներկայացուցիչների հետ երկխոսության չի գնում:
Այդ մասին մարտի 23 - ին Հայաստանի ռեստորանների ասոցիացիայի (Armenian Restaurants Assotiation-ARA) հիմնադիրների առաջին ժողովի շրջանակներում լրագրողներին հայտնել է MBG Hostpitality-ի գործառնական տնօրեն Աշոտ Բարսեղյանը։
Նա նաեւ նշել է, որ Հայաստանի 300-ից ավելի ռեստորանատերեր նպատակահարմար են գտնում փակ հաստատություններում ծխելու արգելքի մասին օրինագծի դրույթը: «Մեզ համար դա նաեւ ձեռնտու է ներդրումների, էլեկտրաէներգիայի խնայողության տեսանկյունից։ Ավելին, սննդի և գինու համային հատկանիշներն ավելի շոշափելի են առանց ծխախոտի ծխի՚, - ասել է նա։ Սակայն օրինագծում, նրա ասելով, կան դրույթներ, որոնք հակասում են բիզնեսի շահերին և նպատակներին և պարունակում են կոռուպցիոն ռիսկեր։
Նշելով, որ առողջապահության նախարարության հետ երկխոսության նախաձեռնողը ինքն է` Ա.Բարսեղյանը ևս մեկ անգամ դիմել է նախարարին` ոլորտի ներկայացուցիչների հետ հանրային լսումներ անցկացնելու խնդրանքով: «Մենք ասելիք ունենք՚, - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ հասարակական վայրերում ծխելու արգելքի մասին օրենքն ուժի մեջ կմտնի 2019թ. մայիսի 1-ին: Սակայն որոշ սահմանափակումներ կկիրառվեն փուլ առ փուլ։ Այսպես, օրինակ, եթե հասարակական սննդի կետերում և փակ տարածքներում, այդ թվում՝ տրանսպորտում, ծխելը կարգելվի 2019թ. մայիսի 1-ից, կիսափակ վայրերում՝ 2022 թվականի մայիսի 1-ից։ Իսկ ծխախոտի, սիգարետների, նարգիլեի, էլեկտրոնային սիգարետների վաճառասեղաններին ցուցադրելու արգելքը ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից: