Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նրանք իրենց թոռնիկների և նախագահի աշխատակազմի աշխատակիցների հետ մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել նախագահական նստավայրի շենքի հարակից տարածքում և այգում:
Մինչ այդ նախագահը եղել է Գյումրիում։ Պատասխանելով լրագրողների հարցին ՝ նախագահը նշել է, որ այսպիսի ճարտարապետական եւ մշակութային ժառանգություն, ինչպիսին Գյումրիում է, չկա նույնիսկ աշխարհի շատ զարգացած քաղաքներում։
Նախագահը խոստացել է ամեն ինչ անել քաղաքի պատմական կենտրոնը պահպանելու համար։ «Ես փորձում եմ այնպես անել, որ Գյումրին ճանաչվի նաև միջազգային մշակութային ժառանգություն, որովհետև աշխարհում քիչ են նման գեղեցիկ քաղաքները ։ Դա երկար գործընթաց է, բայց մենք պետք է անցնենք այդ ճանապարհը՚, - հայտարարել է նախագահը ։