Արմինֆո.ԱՄՆ 49-րդ նահանգի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը խոսում է այդ հարցում Վաշինգտոնի եւ Անկարայի նկատմամբ ճնշման ուժեղացման մասին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Մարտի 20-ին ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նահանգապետ Քեյ Այվին ապրիլը հռչակել է «Ցեղասպանության մասին իրազեկման ամիս՚: Ալաբաման դարձել է ԱՄՆ 50 նահանգներից 49-րդը, որը ճանաչել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը։ Այսպիսով, ԱՄՆ միակ նահանգը, որը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը, մնում է Միսիսիպին։
«Ես ԱՄՆ առանձին նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը գնահատում եմ որպես քաղաքական, բայց ոչ իրավական ազդակ։ Հետևաբար, նույնիսկ վերջին, դեռևս դա չարած, Միսիսիպի նահանգի կողմից 1915 թվականի իրողությունները ճանաչելու դեպքում, դա բնավ չի նշանակի Միացյալ Նահանգների կողմից դրանց ճանաչում պետական մակարդակով՚, - ընդգծել է նա։
Այդուհանդերձ, քաղաքական առումով ԱՄՆ 49 նահանգների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը Մանոյանը դիտարկում է Վաշինգտոնի գործադիր, դաշնային իշխանությունների նկատմամբ ճնշման համատեքստում։ Նա նշել է, որ միայն վերջիններն են օժտված Հայոց ցեղասպանության փաստը պետական մակարդակով ճանաչելու իրավունքով։ Նրա կարծիքով, ԱՄՆ-ի ներսում նման դասավորությունն ինքնին արդեն քաղաքական ուժ է, որը հայկական կազմակերպություններին լրացուցիչ կշիռ է հաղորդում որոշակի հարցեր Հայաստանի եւ, ընդհանուր առմամբ, հայկական շահերի օգտին լուծելու համար։