Արմինֆո. Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության կարգավորումն անընդունելի է, քան որ դրանք ի սկզբանե եղել են հակահայկական, հեռու կոնֆլիկտի տրամաբանությունից, նրա բուն էությունից ու չեն կարող հաստատել հարատև խաղաղություն: Այդ մասին ասվում է Սպաների համահայկական միության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հայտարարությանը։
<Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության կարգավորումը Միությունը համարում է անըդունելի, քան որ դրանք ի սկզբանե եղել են հակահայկական, հեռու կոնֆլիկտի տրամաբանությունից, նրա բուն էությունից ու չեն կարող հաստատել հարատև խաղաղություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի Մադրիդյան սկզբունքների ընդունման համառ և շարունակական պնդումները, հիմք են տալիս Սպաների Համահայկական Միությանը եզրակացնել, որ այդ կառույցը որդեգրել է թուրք- ադրբեջանական տարածապաշտական, հայահլած ցեղասպան քաղաքականությանն աջակցելու ուղին։ Արցախի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանագիծը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի,հայ ազգաբնակչությանը հերթական անգամ ցեղասպանության ենթարկելու գործողություններին հայկական ուժերի հակադարձման արդյունք է և ամրագրված է 1994 թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին համաձայնագրում:
Արտաքին դերակատարների անմիջական միջամտությունը և ենթադրվող նման նախաձեռնությունները պետք է ճանաչվեն անիրականանալի և լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնող: Առկա ստատուս քվոյի երկարատև կենսունակությունը, որոշակիորեն ճանաչված է Մինսկի խմբի կողմից, և նա ջանքեր պետք է գործադրի միջազգային իրավունքի շրջանակներում այն ձևակերպելու համար, պետք է վերականգնի բանակցությունների խեղաթյուրված ձևաչափը և Արցախի վերադարձը` որպես հակամարտության հիմնական կողմերից մեկը: Ստեղծված առկա իրավիճակում Արցախը պետք է նաև ներկայացի Ադրբեջանի հայ համայնքի շահերը՝ ով ստիպված է եղել լքել երկրի տարածքը ադրբեջանական իշխանությունների ցեղասպան գործողությունների պատճառով և մասամբ բնակվել Արցախի Հանրապետությունում:
Հակամարտության լուծումը պահանջում է միջազգային իրավունքի շրջանակներում ճանաչել Արցախի կարգավիճակը առկա սահմաններում և ճանաչել Արցախի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանագիծը։
Ընդունելով կարգավորման այս սցենարը, Սպաների համահայկական միությունը հայտարարում է՝ հայ ժողովուրդը, այսօր առավել քան երբևէ համախմբված է, քաջ գիտակցում է գոյւոթյուն ունեցող սպառնալիքներն ու մարտահրավերները, մադրիդյան սկզբունքների պարտադրման հետևանքով անխուսափելիորեն սանձազերծվող նոր, ավելի արյունահեղ և ողջ տարածաշրջանը ապակայունացնող պատերազմի պատախանատվությունն ամբողջությամբ կրելու է ԵԱՀԿ Մինսկի խումբը>,- նշվում է հայտարարության մեջ: