Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել «Arton Capital» կազմակերպության նախագահ Արմանդ Արտոնի ղեկավարած պատվիրակության հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են Հայաստանի վերաբերյալ իրենց կողմից կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Մասնավորապես, քննարկում է ծավալվել Հայաստանի Հանրապետություն ներդրումների ներգրավման նպատակով՝ դրանց կատարմամբ պայմանավորված քաղաքացիության տրամադրման կարգի սահմանման հնարավորությունների վերաբերյալ: Ներկայացվել են այս ոլորտում կազմակերպության խորհրդատվական հարուստ փորձը, ինչպես նաև տարբեր պետություններում համակարգի ներդրման մոդելները և դրանց առավելությունները:
Տիգրան Խաչատրյանը կարևորել է դեպի Հայաստան ներդրումային հոսքի ապահովմանն ուղղված նախաձեռնությունը և նշել, որ օրենսդրական նման փոփոխությունների դեպքում առանձնահատուկ ուշադրության առարկա պետք է դառնան պետության կողմից այդ ներդրումների կառավարման գործուն մեխանիզմները:
Հանդիպման վերջում Արմանդ Արտոնը տեղեկացրել է, որ իրենց կողմից կազմակերպվող «Համաշխարհային քաղաքացի» ֆորումը այս տարի տեղի է ունենալու Երևանում, և նախարարին հրավիրել է միջոցառանը:
Նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և պատրաստակամություն հայտնել մասնակցելու հետագա քննարկումներին։
Հիշեցնենք, որ 2017թ. մայիսին միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հրավերով, որը ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացնում է «Միգրացիայի և սահմանների կառավարման աջակցություն՚ ծրագիրը, ՀՀ էին հրավիրվել Կանադայում գրանցված "Arton Capital" կազմակերպության նախագահը և մի քանի ներկայացուցիչներ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն այն ժամանակ մամլո հաղորդագրություն տարածեց այդ այցի մասին, որը վերնագրված էր «Նախարարության և "Arton Capital" կազմակերպության միջև համագործակցությունը կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը՚։
Ըստ ԶԼՄ-ների՝ «Աջակցություն միգրացիային և սահմանների կառավարմում՚ ծրագրի կայքում 2017 թվականի սեպտեմբերին զետեղվել էր "Arton Capital" աշխատանքի մասին պաշտոնական տեղեկատվություն: Հայաստանի համար "քաղաքացիության տրամադրում ներդրումների դիմաց" նախագծին նվիրված գնահատման զեկույցում "Arton Capital" կազմակերպությունը հարուստ օտարերկրյա քաղաքացիների պասիվ ներդրումներ ներգրավելու նպատակով առաջարկում է նրանց տրամադրել կացության կարգավիճակ, իսկ այնուհետեւ քաղաքացիություն: Ծրագրի առանցքային տարրերն են ներդրումային տարբերակների մշակումը, ֆինանսական և նյութական համապատասխանությունը, մարքեթինգը ։ Զեկույցում հատուկ տեղ է հատկացվել նախագծի ուժեղ եւ թույլ կողմերին, հնարավորություններին եւ ռիսկերին, ներկայացվել են նաեւ ռիսկի գործոնների մեղմացման ռազմավարություններ: «Կանխատեսումների համաձայն, նախագիծը կարող է դառնալ օտարերկրյա ուղղակի ներդրումների կայուն աղբյուր, որոնցից կանխատեսվող զուտ շահույթը կկազմի ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար 6 տարվա կտրվածքով՚, - նշում է ծրագրի պաշտոնական կայքը: Բացի այդ, ինչպես ասվում է զեկույցում, եթե Հայաստանը ունենա առանց վիզայի մուտք 60-ից ավելի երկրներ, ապա Ռուսաստանի հետ նրա առանձնահատուկ հարաբերությունների և Իրանի հետ աշխարհագրական հարևանության պայմաններում Հայաստանի քաղաքացիություն ստանալը կդառնա ոչ միայն հանգիստ ապագա և անվտանգություն ապահովելու արդյունավետ միջոց, այլ նաև բիզնեսի զարգացման կարևորագույն ռազմավարական քայլ: