Արմինֆո.Բաքվի համար արդեն դժվար է եւ ժամանակի ընթացքում միայն ավելի դժվար կլինի բացատրել աշխարհին Ստեփանակերտի հետ խոսելու սեփական ցանկության բացակայությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։
«Ղարաբաղյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը բնութագրվում է դրա կարգավորման շուրջ հին մոտեցումների հեռացմամբ։ Հրադադարը խախտողի հայտնաբերման և վերահսկողության մեխանիզմների ներդրման շուրջ Վիեննայի համաձայնությունը հանգեցրել է այն բանին, որ, այսպես կոչված, ռազմական դիվանագիտությունը աշխատեց հենց Ադրբեջանի դեմ։ Ասել է թե՝ կրակոցները սկսել են խաղալ հրադադարը խախտողի դեմ, ինչը Բաքվի համար խիստ վտանգավոր է։ Դրան գումարած` Երևանում իշխանափոխությունը հանգեցրել է Երևան-Մոսկվա-Բաքու եռանկյունու աշխատանքի խափանման, որով Ադրբեջանը բազմիցս Սերժ Սարգսյանին պարտադրել է իր համար անհրաժեշտ լուծումներ։ 2016-ի ապրիլին դա ակնհայտ դարձավ՚, - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո` բանակցային գործընթացը, վերլուծաբանի կանխատեսմամբ, կվերսկսվի միայն բանակցային սեղանի շուրջ արցախցիների վերադարձից հետո։ Ընդ որում, Բաքվում, նրա կարծիքով, դրան չեն համաձայնի։ Սակայն, ոչ ոք չի պատրաստվում ճանաչել Ադրբեջանի դե ֆակտո ձեւական իրավունքներն Արցախի նկատմամբ, բացի Թուրքիայից եւ Պակիստանից, ընդ որում ՝ չճանաչելով ուժի կիրառման նրա իրավունքը։ Այսպիսով, Բաքվին, Սարգսյանի գնահատմամբ, մնում է միայն ֆորմալ բանակցություններ վարել՝ փորձելով վերադառնալ մինչև 2016 թվականի ապրիլը եղած իրավիճակին։
Ըստ վերլուծաբանի, ճանաչելով Արցախի շուրջ դեռևս անորոշ ժամանակով ստատուս-քվոյի պահպանումը, միջազգային հանրությունը չի ընդունում հակամարտության ռազմական լուծումը, և Ադրբեջանին ոչ ոք թույլ չի տա կրակել: Նրա գնահատմամբ՝ ղարաբաղյան հակամարտության հետ խաղալը գնալով ավելի վտանգավոր է դառնում։ Իսկ Հայաստանի նոր իշխանությունների բարձր լեգիտիմությունը և, որպես հետևանք, ինքնիշխանության աստիճանը Երևանի նկատմամբ ներգործության նախկին եղանակներից զրկել են անգամ Մոսկվային։
Հակամարտության կարգավորումը Սարգսյանը կապում է այդ խնդրի շուրջ միջազգային կոնսենսուսի հասնելու հետ` Կոսովոյի օրինակով: Այս լույսի ներքո` նա նշել է նման կոնսենսուսի ձեռքբերումը հակամարտության լուծման համար ուժի չկիրառման հարցում։ Այս լույսի ներքո, ըստ նրա կանխատեսումների, Բաքվի կողմից էսկալացիայի նոր փուլի ինքնակամ հրահրումը շատ վատ կավարտվի Ադրբեջանի համար։ Հատկապես` հաշվի առնելով 2016 թվականի «քառօրյա պատերազմի՚ արդյունքները։
«Պատերազմ սկսելն այսօր կատակ բան չէ, այլ բավական լուրջ գործ է։ Հատկապես` լայնածավալ, որը հետո շատ դժվար կլինի կանգնեցնել: Նման պատերազմը չափազանց կապակայունացնի ողջ ընդարձակ տարածաշրջանը, որի մաս է կազմում Հարավային Կովկասը, ընդհուպ` ռուսական Հյուսիսային Կովկասը։ Բարեբախտաբար, այսօր դա բոլորն են հասկանում, այստեղից էլ` միջազգային կոնսենսուսը, որն արգելում է Ադրբեջանին ուժ կիրառել՚, - ամփոփել է վերլուծաբանը։