Արմինֆո. Բանկային տվյալների համադրման ընթացքում պարզվել է, որ կան քաղաքացիներ, որոնք, չնայած օգտվում են պետության սոցիալական աջակցությունից, սպասարկում են բազմահազարանոց վարկեր:
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով ավելի վաղ Facebook-ի իր էջում զետեղված գրառմանն այն մասին, որ այսօր Հայաստանում նպաստ ստացող 11 հազար 281 մարդ ամեն ամիս վարկերի դիմաց վճարում է 100 հազար դրամ եւ ավելի։ «Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ եւ 18-ից 40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն: Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: Ասեմ, որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ: Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ՚,- գրել էր Փաշինյանը։
Վարչապետի ասելով, շատերը, հնարավոր է, ասեն, որ այդ մարդկանց պետք է միանգամից զրկել նպաստներից։ Բայց կան նաեւ այնպիսիք, որոնք կոչ կանեն` նախ պարզել: Հենց այդ նպատակով, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ինքը որոշել է Facebook-ում իր գրառմամբ հասկանալ քաղաքացիների կարծիքը:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ոչ ոք չի պատրաստվում «կուրորեն՚ վերափոխել համակարգը եւ քաղաքացիներին զրկել այդ աջակցությունից: «Սոցիալապես խոցելի քաղաքացիներին նպաստների տրամադրման համակարգը պետք է ծառայի իր նպատակին։ Եթե մարդը համակարգի շահառու է, բայց դրա հետ մեկտեղ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում և ամեն ամիս վարկի գծով վճարում է 1 մլն դրամ, ապա նա սոցիալական նպաստի իրավունք չունի՚, - ասել է նա։