Արմինֆո. Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է դիտարկել թուրք - իսրայելական համատեքստից դուրս: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
<Հաշվի առնելով այն կարևոր դիրքը, որն այսօր զբաղեցնում է Իսրայելը Մեծ Մերձավոր Արեւելքում՝ Երուսաղեմի և Անկարայի միջև լարվածությունը Իսրայելի տարածաշրջանային քաղաքականության փազլի մի մասն է միայն: Այս առումով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Իսրայելի ձգտման և իսրայելա-թուրքական խնդիրների միջև փոխադարփ կապ չեմ տեսնում>, - նշել է նա ։
Մարտի սկզբին Իսրայել էր այցելել Հայաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը։ Այցի ընթացքում քննարկվել է Իսրայելում դեսպանություն բացելու հարցը ՝ հարաբերությունները նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու նպատակով ։ Երուսաղեմում կայացած հանդիպումների ընթացքում հայկական պատվիրակությունը քննարկել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ՝ Իսրայել կատարելիք այցի հետ կապված կազմակերպչական հարցեր:
Սաֆրաստյանը համոզված է, որ անհրաժեշտ է խորացնել Հայաստանի և Իսրայելի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները՝ ընդհուպ երկու մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների հայտնվելը: Նրա դիտարկումների համաձայն ՝ Իսրայելը բավական երկար ժամանակ է, ինչ
լուրջ մակարդակով հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին ։
<Որպես Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, որպես լուրջ քննարկումների մասնակից՝ կարող եմ ասել, որ իսրայելցիները Հայաստանին բավական լուրջ տեղ են հատկացնում տարածաշրջանային ազդակների համատեքստում։ Կարծում եմ, որ Երուսաղեմում մեր երկրի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է բավական շատ գործոններով, որոնք ինչպես երկկողմ, այնպես էլ զգալիորեն ավելի լայն, տարածաշրջանային համատեքստ և ենթատեքստ ունեն>, - ամփոփել է Սաֆրաստյանը ։
Իսրայելա-թուրքական խորացող հակասությունների վերջին դրսևորումը դարձավ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդու թվիթը, որտեղ նա հայտարարեց, որ Թուրքիան իրականացրել է հայերի և այլ ժողովուրդների ցեղասպանություն, իսկ Ստամբուլը Բյուզանդիայի հնագույն մայրաքաղաքն է և Կոստանդնուպոլսի ուղղափառ քրիստոնեության հազարամյա կենտրոնը: Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նեթանյահուին հրապարակավ կոչ է արել <իր որդու ականջներից քաշել> ՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում Թուրքիան Իսրայելի նկատմամբ <տարբեր դաստիարակչական մեթոդներ> կկիրառի: