Արմինֆո. Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը մտադիր է կրթական ոլորտի ծրագրեր առաջարկել գործընկերներին` ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:
Մարտի 18-ին այդ մասին հայտարարել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Ուսուցման եվրոպական հիմնադրամի կազմակերպած «ԵՄ-Հայաստան համագործակցության վերջին զարգացումները՝ հանուն ավելի արդյունավետ կրթական բարեփոխումների» թեմայով քննարկման ընթացքում, որին մասնակցել են նաև ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, կրթության ոլորտի պատասխանատուներ, միջազգային և տեղական կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առանձնակի է կարևորում կրթության նշանակությունը, որն արտացոլվում է ինչպես փաստաթղթերում, մասնավորապես, կառավարության ծրագրում, այնպես էլ հնչեցված հայտարարություններում: «ԵՄ-ի հետ քննարկումներում երիտասարդության և կրթության հարցերը եղել են առաջնային: Մենք կարևորում ենք ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերը, և իմ պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ բազմաթիվ հանդիպումներ են եղել և կոնկրետ աշխատանքներ կատարվել: Մասնավորապես, դրամաշնորհային ծրագրի՝ տարեկան գործողությունների պլանի համատեքստում կարևորում ենք «ԵՄ-ն հանուն նորարարության», «ԵՄ-ն քաղաքացիների համար» և «Հորիզոն 2020»-ի համար մշակվող հնարավոր համագործակցության ծրագրերը: Եվ այս պլատֆորմն այդ առումով նշանակալի է: Մենք գիտենք, թե ԵՄ-ն որքան է կարևորում երկկողմ հարաբերությունները և որքան նշանակություն է տալիս նորարարությանը: Կրթության համակարգի շահառու խմբերի հետ իմ հանդիպումները ցույց են տալիս, որ մենք ունենք փայլուն աշակերտներ և երիտասարդներ, որոնք 21-րդ դարի քաղաքացիներ են, և նրանք, ըստ էության, նշանակալի դերակատարում ունեցան նախորդ տարվա իրադարձություններում: Սակայն, դրան զուգահեռ, ցավոք, ունենք 20-րդ դարի կրթական համակարգ, և հաճախ որոշ փոքր շահառու խմբերի կողմից կան միտումներ, որ ոչ թե նրանք են ցանկանում հասնել 21-րդ դարի քաղաքացուն, այլ փորձում են վերջինիս հետ քաշել 20-րդ դար: Իհարկե, այս ուղղությամբ մեծ աշխատանքներ պետք է տարվեն, որովհետև այստեղ բախվում են բազմաթիվ շահեր, սակայն կառավարությունը հաստատակամ է այս ուղղությամբ, և նաև դա էր պատճառը, որ կրթությունը, առողջապահությունը և ենթակառուցվածքների զարգացումը գերակա երեք առաջնահերթությունների մեջ են», - նշել է Արայիկ Հարությունյանը՝ գոհունակություն հայտնելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում քննարկումների կապակցությամբ: «Գիտեք, որ կառավարության ծրագրում հատուկ շեշտվում է, որ ձգտում ենք ունենալ բարձր տեխնոլոգիական տնտեսություն, իսկ առանց կրթության ոլորտում հատուկ գործիքների ներդրման, այդ թվում՝ հանրակրթության ոլորտում, չենք կարող հաջողություն ունենալ, ուստի այդ խնդիրը լուծելու համար մենք կառաջարկենք ծրագրեր: ՄԿՈՒ ոլորտում նույնպես նախկինում բավական աշխատանք է կատարվել, որոնք կրելու են շարունակական բնույթ: Մասնավորապես, բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում նախորդ տարիներին որոշակի հապաղումներ ենք ունեցել, սակայն համոզված ենք, որ արդեն այս տարի դրանք կսկսեն լուծումներ ստանալ»,-ավելացրել է նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա քննարկման արդյունքում ևս կխորանա ԵՄ-ի համագործակցությունը և կմատնանշվեն նոր հնարավորություններ: