Արմինֆո. ԵՄ-ն այսօր հայտարարել է Հայաստանի կրթական համակարգի բարեփոխման շուրջ երկրի կառավարության հետ երկխոսության մեկնարկի և նոր կրթական կենտրոնի ստեղծման մասին, որը նախապատրաստելու է գիտության ոլորտի ուսանողներ և երիտասարդ մասնագետներ՝ աշխատաշուկայի համար: Մարտի 18-ին այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԵՄ արտակարգ և լիազորդ եսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մենք համոզված ենք, որ կրթության հարցը չափազանց կարևոր դեր է խաղում կառավարության ծրագրում, ինչն իրականում ճիշտ ռազմավարական ընտրություն է՚, - ասել է նա երկխոսության մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ: Ի շարունակություն ասվածի՝ Սվիտալսկին ԵՄ-ի կողմից պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ կիսվելու կրթական բարեփոխումներով՝ կառավարման համակարգի կատարելագործման համար։ «Մենք՝ որպես ԵՄ, շատ ուրախ ենք, որ համագործակցում ենք այնպիսի կառավարության հետ, որը հատուկ ուշադրություն է դարձնում հենց կրթությանը։ Մեր կողմից մենք կնպաստենք եւ մեր աջակցությունը կցուցաբերենք՚, - արձանագրել է դեսպանը։
Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն ընդգծել է. «Ուրախ ենք, որ Հայաստանի կառավարության համար երիտասարդության և կրթության հարցը գերակա է, ինչպես նաև` մեզ համար՚: Նա ընդգծել է, որ ԵՄ-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ երկխոսության մեկնարկը թույլ կտա քննարկել եւ տեսնել հետագա համագործակցության զարգացման հնարավորությունները: Այս համատեքստում նա հիշեցրել է Հայաստանի վարչապետի հետ Բրյուսելում կայացած հանդիպման մասին, որի ընթացքում Հայաստանի կառավարության ղեկավարը որպես կառավարության առաջնահերթություն նշել է երիտասարդությունն ու կրթությունը: «Մենք ուրախ ենք և պատրաստ ենք աշխատել ձեզ հետ այս ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերի շուրջ՚, - ասել է նա, նշելով, որ Հայաստանն ավանդաբար առաջատար երկիր է եղել ճարտարագիտության, մաթեմատիկայի, նորարարության և հիմնարար գիտության ոլորտում՝ շնորհիվ գիտական ներուժի և մարդկային կապիտալի: «Այժմ մենք հնարավորություն ունենք ձեզ աջակցելու իրականում ցնցող հեղափոխական բարեփոխումների իրականացման գործում։ Ցանկանում եմ նաև ձեր երկրի հետ աշխատել Եվրոպական կրթական հիմնադրամի շրջանակներում թուրինյան գործընթացի համատեքստում։ Մենք պատրաստ ենք հետագայում էլ ներդրումներ կատարել այս ոլորտում, եւ ցանկանում ենք շարունակել ձեզ հետ համագործակցությունը՚,- ընդգծել է ԵՄ ներկայացուցիչը։