Արմինֆո. Կառավարության օպտիմալացման առաջին փուլում աշխատատեղերի կրճատում չի սպասվում, մարտի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ։
Հարցին, թե արդյոք 10 հազար աշխատատեղ կրճատելու մասին հայտարարությունները ուռճացված են, Ավինյանը պատասխանել է. <Կարծում եմ՝ այո>:
Նշենք, որ կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում 17 նախարարություններից նախատեսվում է թողնել 12-ը ։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, 30 տոկոս կրճատումներ են սպասվում մարզպետարանների աշխատակազմում: Ընդ որում, ավելի վաղ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պետական կառավարման համակարգում կարճաժամկետ հեռանկարում կրճատումները կլինեն նվազագույն: Նրա խոսքով ՝ կրճատումները լինելու են նախարարություններից, որոնց գործառույթները կրկնօրինակվում են ։
Մինչդեռ, մարտի սկզբին ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի անունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված պաշտոնական նամակ-փաստաթուղթ, որում ասվում է 10.000 պետծառայողների ենթադրյալ կրճատման մասին: Փաստաթղթի հեղինակները, որպես փաստարկ նշում են հետևյալը. <…Անգամ, եթե մոտ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ (տուժվեն), ապա դրանից շահելու է հայոց պետականությունը և ողջ հասարակությունը՝ շուրջ 3 միլիոն ՀՀ քաղաքացի>: Ինչպես նշել է Ջանջուղազյանը, փաստաթղթում հստակ թիվ էլ չկա, որ այսքան մարդ պետք է կրճատվի, իսկ 10 հազարը պայմանական թիվ է: <Փաստաթղթի ձևակերպումն ընդամենը վերաբերում է այն բանին, որ եթե անգամ խոսքը վերաբերի այսպիսի ելքի, պետք է համեմատել այդ թիվը և մնացած թիվը, ովքեր կարող են շահել այդ թվի հարաբերական կամ, պայմանականորեն ասած, տուժելուց։ Ընդ որում, <տուժելը> փակագծում է ներառված: Դա, մեր կարծիքով, չի կարող երբեք վերաբերել նրանց, ովքեր ստեղծում են արդյունք>,- պարզաբանել է ֆինանսների նախարարը:Նա ընդգծել է, որ այդ փաստաթղի նպատակը ամենևին կրճատումների վրա կենտրոնացումը չէ, ընդհակառակը, դա շատ լավ արտահայտված է կառավարության ծրագրում, թե ինչպիսի գործընթաց է նախատեսվում իրականացնել կառավարումը օպտիմալ դարձնելու ուղղությամբ: <Մենք փորձում ենք եղած միջոցները օգտագործել լավ արդյունք ստանալու համար։ Խոսքն ամենևին չի վերաբերում փող կրճատելուն: Փորձ է արվում ծախսվող փողի դիմաց առավելագույն արդյունք ստանալու խնդիր լուծել>,- ասել է Ջանջուղազյանը՝ կոչ անելով բոլորին համախմբվել այս հարցի շուրջ։ <Բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ մեր երկրում շատ դժվարությամբ գեներացված եկամուտները, որոնք պետական բյուջեն ստանում են, օգտագործվեն առավելագույնս արդյունավետ>,- ասել է նա: