Արմինֆո.Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ մարտի 16-ի գիշերը Հայաստանի պետական սահմանը խախտած Ղազախի շրջանի բնակիչ Էլվին Իբրահիմովը հոգեկան հիվանդ է:
Ինչպես հայտնում է ադրբեջանական media.az-ը, հայկական ԶԼՄ-ների հրապարակումների հետ կապված՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ մարտի 15-ի լույս 16-ի գիշերը գրանցվել է Ադրբեջանի տարածքից անհայտ անձի կողմից պետական սահմանի խախտման փաստ: <Այդ անհայտ անձը Ղազախի շրջանի Սալահլի գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովն է: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նա տառապում է հոգեկան խանգարումներով և II-րդ խմբի հաշմանդամ է>, - հայտնում է սահմանապահ ծառայությունը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել է, որ վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի քաղաքացի: Ինչպես Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, այսօր՝ ժամը 01։30 սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ <Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժ օգնություն, հետո տեղափոխվել է բուժ հաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն>,- գրել է նա: