Արմինֆո. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ նախօրեին ավարտված այցը Հայաստան ոչ այլ ինչ է, քան Բաքվի և Երևանի միջև զգույշ խուսավարման քաղաքականության մի մասը: Արմինֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան, Կովկասի գծով փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Մարտի 12-13-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է այցելել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Երևանում Վրաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել իր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Փետրվարի վերջին Վրաստանի նախագահն Ադրբեջան էր այցելել։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ մի շարք ներքին և արտաքին գործոնների պատճառով Վրաստանի առաջին դեմքերի հայտարարություններն ու վարքագիծն ավանդաբար առանձնանում են հավասարակշռությամբ և կոռեկտությամբ։ Հիմնական պատճառը Թբիլիսիի կողմից հակամարտող հարևան երկրների միջև հավասարակշռման անհրաժեշտությունն է: Հաշվի առնելով վերջերս Վրաստանի նախագահի փետրվարյան այցը Բաքու՝ Զուրաբիշվիլիի այցը Երեւան, Մարկեդոնովի կարծիքով, դարձել է վրացական կոմպլեմենտարիզմի հերթական դրսևորումը:
Վերլուծաբանը գտնում է, որ Վրաստանում բազմաթիվ էթնիկ համայնքների առկայության պայմաններում՝ Թբիլիսիի ցանկացած շեղում նման քաղաքականությունից կարող է անկայունություն հրահրել այդ բազմազգ երկրի ներսում:
<Նման խուսավարմամբ Թբիլիսին մի կողմից հաշվի է առնում Ադրբեջանի հետ գոյություն ունեցող տնտեսական կապերը, ներդրումները, հաղորդակցական նախագծերը, մյուս կողմից ՝ Հայաստանի հետ լավ, բարիդրացիական հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը, որը, բացի այդ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ երկիր է և տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակիցը>,- ամփոփել է Մարկեդոնովը: