Արմինֆո.Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Շնորհավորելով ԱՄԷ դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախարար Մնացականյանը համոզմունք է հայտնել, որ Մուհամմադ Ալ Զաաբին իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բազմաոլորտ հարաբերություններին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, կողմերն ուղենշել են երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը՝ այդ համատեքստում կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների անցկացումը, քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Որպես համագործակցության գերակա ուղղություններ Զոհրաբ Մնացականյանը և Մուհամմադ Ալ Զաաբին առանձնացրել են բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և այլընտրանքային էներգիայի ոլորտները։
Նախարար Մնացականյանը և դեսպան Ալ Զաաբին մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։
Զոհրաբ Մնացականյանն ԱՄԷ նորանշանակ դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: