Արմինֆո. Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը Ավստրիայի խորհրդարանում հանդիպել է Ավստրիայի դաշնային խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, դեսպանն անդրադարձել է Ավստրիայի հետ խորհրդարանական կապերի զարգացմանը, կարևորել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև ակտիվ շփումները, խորհրդարանների միջև փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Ավստրիայի փորձը խորհրդարանական կառավարման ոլորտում: Դեսպան Պապիկյանը նաև ընգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի խորհրդարանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումներին և իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ավստրիայի, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության միջև առկա փոխհարաբերությունների բարձր մակարդակին: Այդ առումով դեսպան Պապիկյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնելը:
Գուդրուն Քուգլերը տեղեկացրել է, որ ավստրիական կողմը պատրաստ է Հայաստանի խորհրդարանում Հայաստան-Ավստրիա բարեկամության խմբի ձևավորումից հետո ակտիվ կապեր հաստատել հայաստանյան գործընկերների հետ՝ հետագա քայլերի քննարկման և խորհրդարանական համագործակցության խթանման նպատակով: Նա անդրադարձել է նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ձևաչափին, կարևորել խորհրդարանական խմբերի միջև ակտիվ շփումների և հանդիպումների, ինչպես նաև փոխադարձ այցելությունների կազմակերպումը: