Արմինֆո. Արցախում Ադրբեջանին ու դրա իշխող վերնախավին շատ լավ են ճանաչում, այնպես որ, իսկզբանե Ադրբեջանի կողմից նախորդ տարվա երկրորդ կեսին հնչող «խաղաղասիրականե մեսիջների նկատմամբ վստահություն չենք ունեցել:
Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին՝ հակամարտող հասարակություններին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտության վերաբերյալ վերջին ժամանակներս հաճախակի հնչող կոչերի ֆոնին:
<Այնպես որ, վերջին տասնօրյակում Ադրբեջանի հռետորաբանության կտրուկ փոփոխությունը մեզ համար անակնկալ չի եղել: Ադրբեջանը հայտարարել ու շարունակում է հայտարարել, որ հարցի ուժային կարգավորումն իր համար առաջնային պլանում է: Համաձայնվեք, որ այս պարագայում անիմաստ է խոսել հարցի խաղաղ կարգավորման հեռանկարների մասին>,- ընդգծել է Աբրահամյանը:
Պատասխանելով այն հարցին, որքանով են իրատեսական Բաքվի սպառնալիքներն այս անգամ, թե դրանք միայն դեկլարատիվ բնույթ են կրում՝ խորհրդականը նշել է. <Սա այն քիչ դեպքերից է, որ պետք է խոստովանել՝ Ադրբեջանում անկեղծ են, երբ ասում են, որ իրենց ախորժակը միայն Արցախով չի սահմանափակվում: Իրենց քայլերն ու առհասարակ դիրքավորումը հենց դրա մասին է խոսում>:
Նրա խոսքով, այս հոխորտանքների սրացումը կամ թուլացումը ցույց են տալիս, թե պատերազմի վերսկսման ինչ փուլում ենք: <Իսկ Ադրբեջանի քայլերը քաղաքական, լոբբիստական, ռազմական, քարոզչական դաշտում ևս հաստատում են, որ սրանք զուտ սպառնալիքներ չեն>,- հայտարարել է Աբրահամյանը՝ ավելացնելով, սակայն, որ այդ սպառնալիքներով Արցախին չեն վախեցնի:
Ինչպես նշել է Աբրահամյանը, նախագահի հանձնարարությամբ, մեծ թվով համալիր միջոցառումներ են իրականացվում Արցախի անվտանգության մակարդակը բարձրացնելու և հակառակորդի հնարավոր ագրեսիան կանխելու համար:<Նախագահի՝ վերջին օրերին հյուսիսային և հարավային ուղղություններով տեղի ունեցած այցերը զորամասեր, մարտական հենակետեր, հենց այս նպատակն են հետապնդում>,- բացատրել է խորհրդականը:
Նա նաև ընդգծել է, որ բանակցային գործընթաց որպես այդպիսին չկա. Ադրբեջանի վերջին հայտարարությունները գրեթե զրոյացրել են դրա հեռանկարները: <Միգուցե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպում կայանա, բայց դա իրավիճակի մեջ լուրջ փոփոխություններ չի կարող մտցնել>,- ասել է Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է առաջնագծում իրավիճակին, խորհրդականի խոսքով,
առաջնագծում ու դրանից որոշակի խորության վրա, որոշակի պարբերությամբ, ակտիվություն լինում է՝ ինժիներական աշխատանքների, գիշերային մարզումների, ոչ մեծ, սակայն շարժերի միջոցով, սակայն դրանք մեր դիտարկման առանցքում են և ըստ անհրաժեշտության, պաշտպանության բանակը քայլեր կձեռնարկի:
Արցախում իրավիճակին համարժեք քայլեր են ձեռնարկվում, արդյո՞ք նույնն է իրավիճակը ՀՀ-ի դեպքում հարցին ի պատասխան՝ Աբրահանյանն ասել է,
<Թույլ տվեք չպատասխանել>: