Արմինֆո. Հայաստանը և Արցախն այսօր ունեն Ադրբեջանին անկյուն քշելու ռազմավարության իրականացման բոլոր մեխանիզմները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
<Կարգավորման ողջ գործընթացի ընթացքում հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտության պատճառների, էության և հեռանկարների մասին ոչ միայն ռացիոնալ մտածողության, այն նույնիսկ ռացիոնալ պատկերացումների բացակայությունն է: Մինչդեռ, այդ սխալ պատկերացումներից ու մոտեցումներից մենք կկարողանք ազատվել՝ միայն սթափ գնահատելով իրավիճակը: Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն կքնել մեզ հետ այսօր և չի ցանկանա վաղը: Նա կանի դա ստիպողաբար, ինչպես 1994 թվականին էր: Տարբերությունն այն է, որ եթե այդ ժամանակ դա հնարավոր դարձավ ռազմական ճանապարհով, այսօր դա հնարավոր է դիվանագիտական, քաղաքական ճանապարհով>,- ընդգծել է նա:
Այդ ճանապարհի հիմքում, ըստ վերլուծաբանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն արտահայտված դրույթներն են՝ խաղաղության համար կողմերի պատասխանատվություն և Հայաստանի լիազորությունների սահմանափակություն արցախցիների վերջնական ճակատագրի որոշման հարցում: Սարգսյանի համոզմամբ, այս դրույթները հարկավոր է փոխակերպել լիարժեք, հզոր ռազմավարության, ինչը լիովին կարող է վերջնականապես նեղը գցել Բաքվին:
Այդ ռազմավարությունը, նրա կարծիքով, պետք է հենվի որակապես նոր հայկական դիվանագիտության վրա, որի հիմքում նոր ռեսուրսներ կլինեն: Այդ ռեսուրսները կան, և դրանք բավական հզոր են: Սարգսյանը համոզված է, որ Բաքվում իրավիճակը շատ ավելի լավ են հասկանում, քան Երևանում: <Բոլորովին վերջերս Իլհամ Ալիևը հստակ հայտարարեց, որ թույլ չի տա Վիեննայի պայմանավորվածությունների իրականացումը և բանակցային ձևաչափի փոփոխությունը>,- հիշեցրել է վերլուծաբանը:
Բանակցություններին Բաքվի մասնակցությունը, վերլուծաբանի համոզմամբ, պայմանավորված է բացառապես խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարտավորություններով: Եվ այն, որ այդ պարտավորվածությունների մասին Բաքվին այսօր սկսել են ակտիվորեն հիշեցնել, Սարգսյանի կարծիքով, զրկում է Ադրբեջանին ոչ միայն նոր լայնամասշտաբ պատերազմ նախաձեռնելու, այլ նաև <ռազմական դիվանագիտությունը> շարունակելու հնարավորություններից:
<Նման պայմաններում մենք ունենք բոլոր հնարավորություններն Ադրբեջանին Արցախի նկատմամբ ցանկացած իրավունքից զրկելու համար, ըստ որում՝ բացառապես քաղաքական ճանապարհով: Բաքվում պետք է հստակ տեսնեն, որ պատերազմը ոչ միայն չի լուծում իր խնդիրները, այլ նաև՝ խորացնում է: Եվ այսօրվա հարաբերական անդորրը սահմաններին միայն հաստատում է դա: Բաքվում հասկացել են, որ կրակոցներն իրենց դեմ են աշխատում. 2016 թ. ապրիլին սեփական սխալների արդյունքում ի հայտ եկան Վիեննայի պայմանավորվածությունները: Այդ պատճառով այսօր սահմանին համեմատաբար հանգիստ է>,- ամփոփել է վերլուծաբանը: