Արմինֆո.Հակամարտող հասարակությունների՝ Ղարաբաղի շուրջ փոխզիջման պատրաստակամության բացակայությունը կհանգեցնի ցանկացած քաղաքական գործչի ինքնասպանության, ով կառաջարկի դա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասագետների գիտական հանրության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:
<1994 թ. հրադադարից հետո հակամարտության, դրա կարգավորման ընթացքը տանում էր թշնամանքի մշտական ավելացման: Կարծում եմ՝ փոխադարձ ատելության և թշնամության նման մակարդակ, ինչպես այսօր է, չի եղել նույնիսկ 1994 թվականին: Հետևաբար՝ բանակցությունների և փոխզիջումների ճանապարհով խնդրի կարգավորման մասին կարելի է խոսել միայն բազմամյա նախնական աշխատանքից հետո միայն: Սկզբի համար անհրաժեշտ է մշտական հսկողության տակ առնել շփման գիծը՝ ռազմական գործողությունների բռնկում թույլ չտալու նպատակով>,- ընդգծել է քաղաքագետը: Հակամարտության կարգավորման մոտ հեռանկարների առնչությամբ բանավեճերն ակտիվացել են՝ 2018 թ. վերջից սկսած: Դեկտեմբերին Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունների արդյունքում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարեց <երկար ժամանակ առաջին անգամ հայ գործընկերոջ հետ ձեռքբերված փոխըմռնման մասին>: Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հունվարյան բանակցություններն ավարտվեցին <ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու> մասին բանաձևով: Իրավիճակն էլ ավելի թեժացրեցին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երեք ոչ պաշտոնական հանդիպումները:
Մեկնաբանելով հակամարտության կողմերի միջև մոտալուտ փոխզիջման հնարավորությունը՝ Կռիլովը հիշեցրել է, որ ղարաբաղյան հակիամարտության կարգավորման շուրջ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնումը Բաքվի համար շարունակում է անընդունելի մնալ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին, հայտարարելով բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության մասին, առաջին հերթին պատասխանել է իր քննադատներին, որոնք մեղադրում են նրան <Ղարաբաղը հանձնելու> մտադրության մասին:
<Ըստ որում, բոլորովին հաշվի չի առնվում, որ Փաշինյանն այդ հարցում շատ ավելի արմատական դիրքորոշում է զբաղեցնում, քան՝ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Չէ որ վերջին տարիներին բանակցությունների սեղանին Ստեփանակերտի վերադարձի հարցը նույնիսկ չի բարձրացվել: Այդ պատճառով, կարծում եմ, մոտալուտ փոխզիջումների մասին այսօր խոսելը, առնվազն, վաղաժամ է: Չկա անհրաժեշտ հիմք, իսկ դրա ստեղծման համար տարիներ և տասնամյակներ են պետք>,- ամփոփել է քաղաքագետը: