Արմինֆո. Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի առնչությամբ բացառապես դրական ազդակներ ունենք ԵՄ անդամ երկրներից: Այդ մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«28 երկրից 10-ն արդեն վավերացրել են այդ համաձայնագիրը, որոշ երկրներում փաստաթուղթն արդեն գտնվում է խորհրդարաններում, որոշներում՝ ընթացքի մեջ է: Մի խոսքով՝ ես այդ հարցում որևէ բացասական նախադրյալ չեմ տեսնում, և այդ մասին հայտարարել է նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին>,- նշել է Եղոյանը՝ ավելացնելով, որ այս ամիս եվրոպացի գործընկերներից պետք է ստացվի ճանապարհային քարտեզը, և կսկսվի համաձայնագրի իրականացումը:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին, Եղոյանն ընդգծել է, որ այն դանդաղել է՝ մի շարք օբյեկտիվ պատճառներով: <Մասնավորապես՝ մայիսին պետք է տեղի ունենան Եվրախորհրդարանի ընտրությունները>,- նշել է հանձնաժողովի ղեկավարը:
Դիտարկմանը, որ ՀՀ նախորդ իշխանությունները վիզաների ազատականացման գործընթացի համար երկու տարի էին նախատեսել, պատգամավորը պատասխանել է. <Ես հստակ ժամկետ չեմ կարող նշել, քանի որ դա կախված կլինի մի շարք գործոններից, որոնք ես այս պահին կանխատեսել չեմ կարող: Ոչ ոք չի կարող ասել, թե Եվրախորհրդարանի ընտրություններից հետո ինչ արագությամբ կկարողանանք իրականացնել համապատասխան բարեփոխումները>: