Արմինֆո. Փետրվարի 7-ին պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի խորհրդարանի (Ռիյգիկոգու) նախագահ Էյկի Նեսթորի հետ:
Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի և Էստոնիայի միջև դարերի պատմություն ունեցող հարաբերություններում առկա են զարգացման լայն հեռանկարներ՝ այդ համատեքստում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Երկուստեք ընդգծվեց տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակույթի բնագավառում արձանագրված դրական փորձը և նշվեց, որ միջխորհրդարանական փոխգործակցության օրակարգում այս բնագավառները կարող են ստանալ նոր բովանդակություն և որակ: Հայաստանի ԱԳ նախարարը և Էստոնիայի խորհրդարանի նախագահն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ այդ առնչությամբ կարևորելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը համագործակցության հեռանկարներ է բացում ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում, այնպես էլ՝ ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափում: Նախարար Մնացականյանը շեշտեց Արևելյան գործընկերության դերը՝ որպես նախանշված նպատակների ուղղությամբ միասին աշխատելու և փոխգործակցություն ծավալելու արդյունավետ հարթակի:
Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և կառավարության զարգացման օրակարգի առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն նշեց, որ այս ամիսների ընթացքում կառավարությունն ապացուցել է իր հանձնառությունը կյանքի կոչելու ժողովրդի մանդատի հիման վրա նախաձեռնած բարեփոխումները: Երկրում տեղի ունեցող գործընթացներում Հայաստանի ԱԳ նախարարն առանձնացրեց երիտասարդության, կանանց, քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նույն օրը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի խորհրդարանի (Ռիյգիկոգու) Եվրոպական Միության հարցերով հանձնաժողովի նախագահ Թոմաս Վիթսութի հետ։ Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես երկու երկրների միջև փոխգործակցության առավել ամրապնդման հարթակի և վերահաստատեց հայկական կողմի՝ այդ ոլորտում սերտ համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Էստոնիայի խորհրդարանի Եվրոպական Միության հարցերով հանձնաժողովի նախագահին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով, որ կառավարության գերակա առաջնահերթություն է ազգային զարգացման օրակարգի առաջմղումը, որի հիմնասյունն է բարձր տեխնոլոգիաների և նորարար մոտեցումների վրա հիմնված տնտեսությունը: Այդ առումով նախարարը բարձր գնահատեց Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչների հետ ավելի վաղ տեղի ունեցած մտքերի փոխանակումը, ինչպես նաև տվյալ ոլորտում երկու երկրների մասնագետների միջև շփումների ակտիվացումը:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը` Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը` նշելով, որ այն ոչ միայն հանդիսանում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր իրավական հենքը, այլև կարևոր գործիք է Հայաստանի համար՝ խրախուսելու ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա կառավարության կողմից նախաձեռնած բարեփոխումները։
Նույն օրը տեղի ունեցավ նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հայ-էստոնական խորհրդարանական խմբի նախագահ Հաննես Հանսոյի հետ:
Զրուցակիցներն համակարծիք էին, որ դարերի պատմություն ունեցող և ընդհանուր արժեքների վրա հիմնած հայ-էստոնական գործընկերային հարաբերություններն ունեն առավել զարգացման և ընդլայնման ներուժ՝ հանձնառություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ։ Զրուցակիցներն անդրադարձան նաև ստեղծագործ կրթության օրակարգի շրջանակներում Հայաստանում կիրառվող փորձին և արձանագրված հաջողություններին՝ ի դեմս ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՍՄԱՐԹ կրթական կենտրոնի, Dasaran.am կրթական հարթակի՝ կարևորելով երկու երկրների առկա դրական փորձի և հիմքի վրա համագործակցություն ծավալելու հնարավորությունը։