Արմինֆո. ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, Թոմաս Գրեմինգերը, շնորհավորելով Արմեն Պապիկյանին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահություն հայտնել է, որ դեսպան Պապիկյանի անցած ուղին լավագույնս կնպաստի ձևավորված համագործակցության վերընթաց զարգացմանը։ Բարձր գնահատելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ Թոմաս Գրեմինգերը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հայաստանին հետագա բարեփոխումների գործընթացում։
Շնորհակալություն հայտնելով Թոմաս Գրեմինգերին ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պապիկյանը հավաստիացրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, որ Հայաստանը հետայսու ևս կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը ԵԱՀԿ բոլոր մարմիններում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի լայն շրջանակի շուրջ։