Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հունվարի 16-ին Փարիզում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Միջնորդների հայտարարությունում ասվում է, որ, նախ, առանձին հանդիպումներ են անցկացվել երկու երկրների արտգործնախարարների հետ, այնուհետև կայացել է համատեղ հանդիպում: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Ֆրանսիայի արտաքին կապերի և Եվրոպայի գործերի նախարար Ժան Բատիստ Լեմուանի հետ հանդիպմանը: Համանախագահներին ընդունել են Ելիսեյյան պալատում:
«Նախարարները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող թեմաների լայն շրջանակ և համաձայնեցին բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ: Հանդիպումների ընթացքում համանախագահները նախարարների հետ դիտարկեցին առանցքային սկզբունքներ և պարամետրեր բանակցային գործընթացի ներկա փուլի համար: Նախարարները և համանախագահները քննարկեցին Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հնարավոր հանդիպմանը նպատակաուղղված հետագա քայլերը՝ բանակցությունների դինամիկային խթան հաղորդելու նպատակով: Համանախագահներն ընդգծեցին տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը միտված հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը: Միջնորդները ծրագրում են առաջիկայում հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ՚, - ասված է համանախագահների հայտարարությունում: