Արմինֆո.Հայաստանի տնտեսությունն աճի ներուժ ունի՝ ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների խորացման միջոցով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Ինտեգրացիա և զարգացում> հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը:
<Այս առումով VII գումարման Ազգային ժողովում ԵԱՏՄ հետ աշխատանքների համակարգման մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը կարելի է միայն ողջունել: Ավելին, իմ խորին համոզմամբ, այդ նախաձեռնությունը փոքր-ինչ ուշացած է, քանի որ վերջին տարիներին մենք անընդհատ խոսում ենք նման մարմին ստեղծելու անհրաժեշտության մասին>,- ընդգծել է նա:
Ավելի վաղ <Լուսավոր Հայաստան> խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ԱրմԻնֆո-ին հայտնել էր, որ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը պատրաստվում է նոր գումարման Ազգային ժողով ներկայացնել ԵԱՏՄ հետ աշխատանքների համակարգման մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկ: Որպես նման հանձնաժողով ստեղծելու նպատակ՝ խորհրդարանականը նշում է ԵԱՏՄ գծով Հայաստանի գործընկերների կողմից պարբերաբար կազմակերպության շրջանակներում պայմանագրերի կետերի և ամբողջական պայմանագրերի չկատարումը:
Որպես օրինակ՝ Սաֆարյանը նշել է նախորդ երկու խորհրդարաններում Եվրոպական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը: Ըստ նրա, նոր խորհրդարանական մարմինն անհրաժեշտ է՝ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման գործընթացում առկա խնդիրների քննարկման, դրանց կարգավորման համար անհրաժեշտ հիմքեի ստեղծման նպատակով:
<Կարծում եմ՝ նման նախաձեռնությունն ամբողջովին արտացոլում է Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծում առկա իրողությունները: Եվ նման հանձնաժողովի ստեղծումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը հանրապետության նոր իշխանությունների շահագրգռվածության ցուցիչ կհանդիսանա: Համոզված եմ, որ նման խորհրդարանական մարմնի ձայնը և առջարկները լսելի կլինեն ոչ միայն Երևանում, այլ նաև՝ ԵԱՏՄ մասնակից երկրների մայրաքաղաքներում>,- ամփոփել է Սաֆարյանը: